Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը իրավապահ մարմինների համակարգում համեմատաբար երիտասարդ կառույց է. կազմավորվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որը նույն թվականի նոյեմբերի 30-ին վավերացրել է ՀՀ Նախագահը:
Հատուկ քննչական ծառայության կազմավորման, գործունեության, ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքով:
Հատուկ քննչական ծառայության գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն իրականացնելուն:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի նախաքննության որակը բարելավելու, ինչպես նաև քննչական աշխատանքների կազմակերպման ու ծառայությունում քննվող քրեական գործերի պատշաճ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 2014 թվականի մայիսի 19-ի «Հատուկ քննչական ծառայության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի փոփոխությամբ սահմանվեց Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնների համակարգը:
Այնուհետև Հատուկ քննչական ծառայությունում ձևավորվեցին և այսօր գործում են`
1. Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունը,
2. Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունը,
3. Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցությամբ Հատուկ քննչական ծառայությանն է հատկացվել նոր, առանձին վարչական շենք:
2014 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը հատկացված նոր, հիմնովին նորոգված մասնաշենքի բացմանը:
Ծառայությունը մինչ նոր՝ Երևանի Վաղարշ Վաղարշյան 13ա հասցեում գտնվող շենք տեղափոխվելը, գործել է ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում` ծառայության գործունեության համար ոչ բավարար տարածքով առանձին հարկաբաժնում:
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության խորհրդանիշի տարրերն են՝ վահանը, կշեռքը և սուրը:
Վահանը՝ հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության, կշեռքն՝ արդարության, սուրը՝ պատժի և դատաստանի ապահովման խորհրդանիշներն են:
Վահանն ուղղահայաց հնգանկյուն է, որի կենտրոնում տեղադրված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, ներքևում՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, որի վրա սպիտակ տառերով խորագրված է «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն»:
Վահանից դուրս՝ վերևի մասում, երևում է սրի բռնակը, իսկ ներքևից դուրս է գալիս սրի շեղբը: Սրի բռնակի երկու թևերից վահանի վրա կախված են կշեռքի նժարները: