Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Պատմություն

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը իրավապահ մարմինների համակարգում համեմատաբար երիտասարդ կառույց է. կազմավորվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որը նույն թվականի նոյեմբերի 30-ին վավերացրել է ՀՀ Նախագահը: 

Հատուկ քննչական ծառայության կազմավորման, գործունեության, ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքով:

Հատուկ քննչական ծառայության գործունեությունը նպատակաուղղված է  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն իրականացնելուն:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի նախաքննության որակը բարելավելու, ինչպես նաև քննչական աշխատանքների կազմակերպման ու ծառայությունում քննվող քրեական գործերի պատշաճ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 2014 թվականի մայիսի 19-ի «Հատուկ քննչական ծառայության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի փոփոխությամբ սահմանվեց Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնների համակարգը: 

Այնուհետև Հատուկ քննչական ծառայությունում ձևավորվեցին և այսօր գործում են`

1. Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունը,

2. Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունը,

3. Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցությամբ Հատուկ քննչական ծառայությանն է հատկացվել նոր, առանձին վարչական շենք:

2014 թվականի հոկտեմբերի 10-ին  Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը հատկացված նոր, հիմնովին նորոգված մասնաշենքի բացմանը:

Ծառայությունը մինչ նոր՝ Երևանի Վաղարշ Վաղարշյան 13ա հասցեում գտնվող շենք տեղափոխվելը, գործել է ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում` ծառայության գործունեության համար ոչ բավարար տարածքով առանձին հարկաբաժնում:

 

 ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության խորհրդանիշի տարրերն են՝ վահանը, կշեռքը և սուրը:

Վահանը՝ հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության, կշեռքն՝ արդարության, սուրը՝ պատժի և դատաստանի ապահովման խորհրդանիշներն են:

Վահանն ուղղահայաց հնգանկյուն է, որի կենտրոնում տեղադրված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, ներքևում՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, որի վրա սպիտակ տառերով խորագրված է «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն»:

Վահանից դուրս՝ վերևի մասում, երևում է սրի բռնակը, իսկ ներքևից դուրս է գալիս սրի շեղբը: Սրի բռնակի երկու թևերից վահանի վրա կախված են կշեռքի նժարները: