Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Հանձնաժողովների ձեւավորման կարգը
Մրցութային հանձնաժողովի ձեւավորման կարգը:

«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ մրցույթի հիման վրա նշանակումներ կատարվում են միայն գլխավոր եւ առաջատար խմբի, այն է հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչների եւ քննիչների պաշտոններում:

Մրցութային հանձնաժողովը, համաձայն նույն օրենքի 8-րդ հոդվածի 14-րդ կետի,  կազմավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, իսկ դրա աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է 7 անդամից, որոնցից 3-ը իրավաբան-գիտնականներ են, իսկ 4-ը` պետական ծառայողներ:

Մրցութային հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որին հանձնաժողովի անդամների թվից նշանակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը:

Մրցութային հանձնաժողովը
  • ՀՀ հատուկ   քննչական   ծառայությունից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ստուգում դրանց ամբողջականությունն ու օրինականությունը և ընդունում որոշում` մրցույթին մասնակցելու թույլտվության մասին:
  • Մրցութային հանձնաժողովն անձին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները: 
  • Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
  • Մրցույթն անցկացվում է մրցութային հանձնաժողովի կողմից հարցազրույցի ձեւով` մասնակցի գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
  • Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է բաց քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: 
  • Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր հավաքել են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: 
  • Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման օրը: 
  • Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մասնակիցը` իր արդյունքների մասով, կամ մրցութային հանձնաժողովի անդամը մեկ ժամվա ընթացքում այդ արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հատուկ քննչական ծառայության պետին: 
  • Մրցույթի արդյունքների հրապարակումից մեկ ժամ հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում հատուկ քննչական ծառայության պետին, ով եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում: 
  • Եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ: 
  • Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ  դիմողները չեն բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում եւ անցկացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքները

Հատուկ քննչական ծառայության գլխավոր եւ առաջատար խմբի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հատուկ քննչական ծառայության պետը նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելու մասին տրվում է հայտարարություն մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով: Մրցույթի հայտարարության ձեւը հաստատում է հատուկ քննչական ծառայության պետը:

Թափուր պաշտոնների համալրման համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Ծառայության աշխատակազմի անձնակազմի բաժինը (այսուհետ՝ անձնակազմի բաժին):

Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները`

1) համապատասխան մարմնի և թափուր պաշտոնի անվանումը.
2) քննիչների թափուր պաշտոնններում ընդգրկվելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
3) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը.
4) մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը.
5) մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները նախապատրաստական աշխատանքներն իրականացնող անձնակազմի բաժնի համապատասխան աշխատակցին ներկայացնում են պահանջվող փաստաթղթերը:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
Անձնակազմի բաժնի համապատասխան աշխատակիցը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ կազմում է փաստաթղթերի փաթեթ և ներկայացնում  Ծառայության պետին:
Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

Մրցույթին մասնակցելու հավակնող անձը ներկայացնում է՝

1) դիմում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին.
2) անձը հաստատող փաստաթուղթ և պատճենը.
3) հավակնորդի բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ և պատճենը.
4) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում` պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը կամ  «Հատուկ քննչական ծառայության մասին»   օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավատող փաստաթուղթ (եթե հավակնորդը արական սեռի է).
6) քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մաuին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ.
7) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
Քաղաքացին փաստաթղթերն անձամբ ներկայացնում է նախապատրաստական աշխատանքներն իրականացնող անձնակազմի բաժնի համապատասխան աշխատակցին:

Բաց մրցույթի հարցազրույցի ոլորտը

Հարցազրույցը հայտատուի մասնագիտական պատրաստվածության, գործնական ունակությունների և բարոյական հատկանիշների ստուգումն է, որը կատարվում է այդ նպատակով կազմված հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով:

Հարցաշարում զետեղված առաջադրանքները բովանդակում են առարկայական հարցադրումներ` ստորև թվարկված բնագավառներից`

1) Հայաստանի Հանրապետության Uահմանադրություն,
2) Հայաստանի Հանրապետության օրենքը՝ «Հատուկ քննչական ծառայության մասին»,
3) Հայաստանի հանրապետության քրեական օրենսգիրք,
4) Քրեական դատավարության օրենսգիրք,
5) Քրեագիտություն  քրեաբանություն,
6) Կարող է ներառել նաև քաղաքացիական, քաղաքացիադատավարական, քրեակատարողական և այլ լիազորություններից բխող օրենսդրություն: