Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քննիչների նշանակման եւ ազատման կարգը
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնների համակարգը

«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) հատուկ քննչական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

- հատուկ քննչական ծառայության պետ,

- հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներ.

2) հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

- հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներ.

- վարչության պետեր և նրանց տեղակալներ.

- հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներ.

3) հատուկ քննչական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

- հատկապես կարևոր գործերի քննիչներ:

 

Հատուկ քննչական ծառայության պետի նշանակման կարգը

Հատուկ քննչական ծառայության պետին, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն,  նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Հայաստանի Հանրապետության Նախագահը հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնից կարող է ազատել նշված  օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

Հատուկ քննչական ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության բարձրագույն խմբի կամ վերջին հինգ տարին գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին յոթ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 10 տարվա ստաժ:

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի նշանակման կարգը

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալին նշանակում եւ ազատում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը:

Նշված պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումը վերջին չորս տարին զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի կամ վերջին հինգ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 8 տարվա ստաժ:

Հատուկ քննչական ծառայության քննիչների նշանակման կարգը

Հատուկ քննչական ծառայությունում  քննիչներին նշանակում եւ ազատում է Հատուկ քննչական ծառայության պետը` օրենքով սահմանված կարգով անցկացվող  բաց մրցույթի  արդյունքների հիման վրա:

Հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումը վերջին 2 տարին զբաղեցրել է հատկապես կարեւոր գործերի քննիչի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 4 տարվա ստաժ:

Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչ կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումն ունի դատախազի կամ քննիչի առնվազն 3 տարվա ստաժ:

Հատուկ քննչական ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Ընդհանուր պահանջները

Հատուկ քննչական ծառայությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան օտարերկրյա պետությունում,  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ձեռք բերած  Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`

- անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է կամ դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի  1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից  կամ 13-րդ հոդվածի համաձայն` մինչեւ 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացել է տարկետում եւ հաշվառվել պահեստազորում,

- տիրապետում է գրական հայերենին,

- Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատներ եւ հիվանդություններ չունի:

Հատուկ քննչական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն քաղաքացին, ով՝
  • դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
  • դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
  • դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից,
  • գտնվում է քրեական հետապնդման մեջ,
  • չի համապատասխանում սահմանված պահանջներին: