Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Տեսադարան
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ 2015-ԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
2016-02-02

ՀՀ հատուկ քննչական ծառայության 2016 թվականի փետրվարի 1-ին անցկացված ընդլայնված խորհրդի նիստը նվիրված էր Ծառայության անցած տարվա կատարած աշխատանքներին: Նիստը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:

2015թ. կատարված աշխատանքների արդյունքները ներկայացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը:

Վերջինս նշեց, որ 2015թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 761 քրեական գործ: Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարիների համեմատ կտրուկ աճել է ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը: Համեմատության համար նշվեց, որ 2013թ. ծառայության քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ, 2014թ.՝ 546 քրեական գործ: Այսինքն 2015թ. վարույթում քննված գործերի քանակը 2014թ. համեմատ աճել է 215 գործով, այն է՝ 39.4 տոկոսով: Ուշագրավ է, որ միայն 2015թ. վարույթում քննված գործերի քանակը ընդամենը մի քանի գործով է զիջում նախորդ երկու տարիներին քննված քրեական գործերի թվաքանակը միասին վերցրած:

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված 761 քրեական գործից ավարտվել է` 376 քրեական գործ կամ 49,5 տոկոսը, որոնցից 89-ը` 122 մարդու նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 1-ը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար է ուղարկվել դատարան, իսկ 266-ը` կարճվել է: Փաստորեն՝ 2014թ. 235 գործի համեմատ ավարտվել են 141 գործով ավելի:

Դատի տրված 122 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 37-ը, 6 անձի նկատմամբ կիրառվել է գրավը, իսկ 79 անձի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց: Նախաքննությունն ավարտված 299 քրեական գործերից 110-ը /այսինքն՝ 36,8 տոկոսը/ ավարտվել է մինչև 2 ամիս ժամկետում:

2015թ. ընթացքում ավարտված (դատարան ուղարկված և կարճված) քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 88.257.000 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 30.000.000 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց՝ 979.000  ՀՀ դրամ և ֆիզիկական անձանց՝ 57.278.000ՀՀ դրամ:

Ավարտված գործերով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում կանխիկ գումարով և գույքի կալանքով վերականգնվել է 64.498.000 ՀՀ դրամ, այսինքն՝ վնասի 73 տոկոսը:

Ծառայության քննիչների վարույթում քննված 761 քրեական գործից 356-ը եղել է պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի (նախորդ տարվա 248-ի դիմաց, այսինքն՝ 108-ով ավելի): Ավարտվել են այս բնույթի 193 քրեական գործ, այդ թվում՝ 31-ը` 52 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 162 գործի վարույթ կարճվել է: Ինչպես պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի, այնպես էլ մյուս  հանցագործությունների կատարման համար դատի են տրվել 72 պաշտոնատար անձ:

Ծառայության քննիչների ծանրաբեռնվածության մասին առավել ճիշտ պատկերացում կազմելու համար պետք է հաշվի առնել, որ քննված գործերի հետ մեկտեղ քննիչների կողմից հաշվետու տարում նախապատրաստվել են 413 նյութեր:

Հաշվետու ժամանակահատվածում քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 1737 դիմումի:

2014թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննարկվել է 920 դիմում, այսինքն՝ 2015թ. ընթացքում գրեթե կրկնապատկվել է քննարկված դիմումների քանակը:

Հաշվետու ժամանակահատվածում քննարկված դիմումներից 166-ով նախապատրաստվել են նյութեր, 51-ով հարուցվել են քրեական գործեր, 450-ով տրվել են պարզաբանումներ, 832-ը կցվել են քրեական գործերին կամ նյութերին, մնացած դիմումները ևս ստացել են իրավական ակտերով սահմանված ընթացք:

Ուշագրավ է, որ քննիչների ծանրաբեռնվածությունն աճել է ոչ միայն քրեադատավարական օրենսդրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության ենթակայությանը հանձնված քրեական գործերի, այլ նաև  բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցված և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնված քրեական գործերի քննության հաշվին: 2015թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ծառայության վարույթում քննվել են նման 81 քրեական գործեր:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վլադիմիր Հովհաննիսյանը խորհրդակցության ժամանակ իր ելույթում նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարողացել է պատվով կատարել իր առանձնահատուկ գործառույթները՝ ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով սահմանված՝ օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների անշեղ պահպանմամբ: Դրա մասին են վկայում դատավարական սեղմ ժամկետում, տակտիկապես գրագետ, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու օրենսդրական պահանջի լիարժեք կատարմամբ իրականացված մի շարք վարույթներ:

- Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման հետ մեկտեղ էլ ավելի են ամրապնդվել ծառայության անկախությունը, ծառայության ծառայողների գործունեության կազմակերպաիրավական, սոցիալական բավարար երաշխիքները, քննչական աշխատանքներում ապահովվել է նախադեպային իրավունքի անմիջական կիրառումը, ինչպես նաև տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապը,- իր ելույթում ընդգծեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:

2015թ.-ին իրենց կատարած աշխատանքները ներկայացրեցին Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քնության վարչության պետ, արդարադատության գնդապետ Կարեն Կարապետյանը, Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության գնդապետ Աշոտ Հակոբյանն ու Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչութան պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Ղահրամանյանը:

Այնուհետև ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ամփոփեց 2015թ. կատարված աշխատանքները՝ առանձնահատուկ ընդգծելով նախորդ տարվա ընթացքում ծառայության ձեռքբերումները: 

-2015 թվականի մեր առանցքային ու ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ դեռևս 2013 թվականի մայիսից ներդրված և 2014 ու 2015 թվականներին հետևողականորեն իրականացվող Հատուկ քննչական ծառայության հակակոռուպցիոն ռազմավարությունը:

Որպես ծառայության ղեկավար, ի սկզբանե, խիստ կարևորել և այսօր էլ կարևորում եմ Հանրապետության Նախագահի հանձնարարականը. ծառայությունը զերծ պահել կոռուպցիոն դրսևորումներից: Այդ առումով իմ կողմից առանձնահատուկ կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարը թե՛ ծառայության ներսում և թե՛ դրսում:

Այս առումով մեկ անգամ, այլ առիթով, արդեն ընդգծել եմ, որ այսօր իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը վերջին տարիներին այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգում, որքան Հատուկ քննչական ծառայությունում:

Հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումը հանգեցրել է ծառայության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, որի մասին է վկայում նախորդ տարվա համեմատ (920) մոտ երկու անգամ աճած մեր քաղաքացիների դիմումների թիվը (1757): Ընդ որում դիմումատուները խնդրում են, որ հենց մեր ծառայության վարույթում քննվեն իրենց կամ իրենց հարազատի վերաբերյալ քրեական գործերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հատուկ քննչական ծառայությանը դիմում են թե՛ տուժողներն ու նրանց հարազատները, թե՛ մեղադրյալներն ու նրանց պաշտպանները, հաշվի չառնելով քրեական գործերի քննության քննչական ենթակայության հարցերը կարգավորող օրենսդրական նորմերի պահանջները,- իր խոսքում ասաց Վահրամ Շահինյանն ու նշեց,- Հատուկ քննչական ծառայությունում աշխատանքի ձևավորված սկզբունք կա. հանգամանքների բերումով ծառայության տեսադաշտում հայտնված անմեղ ոչ մի պաշտոնատար անձ կամ շարքային քաղաքացի չպետք է անհանգիստ լինի, քանզի Հատուկ քննչական ծառայությունում երաշխավորված է լրիվ, բազմակողմանի ու անաչառ քննության կատարումը: Միայն 2015 թվականի ընթացքում գլխավոր դատախազը 81 քրեական գործ է վերցրել երկրի քննչական մյուս կառույցների քննիչների վարույթից և առավել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության ապահովման նպատակով դրանց նախաքննությունն հանձնել է Հատուկ քննչական ծառայության քննիչներին:

2015թ-ի մյուս առանցքային ձեռքբերումներից Հատուկ քննչական ծառայության պետը համարեց ծառայության քննիչների կողմից իրականացվող նախաքննության որակի ու արդյունավետության բարձրացումը:

- 2015 թվականի մեր ձեռքբերումներից մեկն էլ ծառայության քննիչների կողմից իրականացվող նախաքննության որակի ու արդյունավետության բարձրացումն է, որի գրավականն, անշուշտ, երիտասարդ, բայց փորձառու քննիչներով ծառայության համալրումն է: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում աշխատող քննիչների քննչական աշխատանքի միջին ստաժը 9 տարի է,- ելույթի խոսքում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանն ու շարունակելով՝ նշեց,- 2015 թվականի ձեռքբերումների մասին խոսելիս պետք է առանձնահատուկ նշել առանձին հանցատեսակների քննության մեջ մասնագիտացված քննիչների կայացման փաստը: Այս առումով կրկին պետք է համեմատության կարգով ընդգծեմ, որ երկրի ոչ մի այլ քննչական կառույցում չկան միայն խոշտանգումների ու զուտ մարդու դեմ ուղղված հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերը քննող մասնագիտացված քննիչներ: Անվիճելի է, որ նշված բնույթի հանցագործությունների քննությունը հատկապես մասնագիտացված քննիչների կողմից կատարելը որակյալ ու արդյունավետ նախաքննության կարևորագույն երաշխիքներից մեկն է:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն իր ելույթում 2015 թվականի ձեռքբերումների վերաբերյալ խոսելիս նշեց նաև ծառայության և իրավապահ ու պետական այլ մարմինների տեղեկատվական կենտրոնների հետ օպերատիվ-ցանցային կապի հաստատման մասին:

- Ժամանակակից էլեկտրոնային կապուղիների միջոցով համապատասխան մարմինների տեղեկատվական բազաներից հաշված րոպեների ընթացքում քննության համար անհրաժեշտ տեղեկատվության ստացումը Ծառայության քննիչներին հնարավորություն է տալիս խնայել ժամանակն ու նյարդերը, իսկ պետությանը ազատում է պետական միջոցները անհարկի ծախսելուց, փոխարենը՝ խնայված ժամանակն ու միջոցները օգտագործվում են քննության որակն ու արդյունավետությունը էլ ավելի բարձրացնելու համար: Ծառայության քննիչների աշխատանքի արդյունավետության, ինչպես նաև ժամանակի և միջոցների խնայմանն է միտված նաև վերջերս Հատուկ քննչական ծառայության և բջջային 3 օպերատորների միջև կնքված հուշագիրը, որով քննիչներին հնարավորություն է տրվում հնարավորինս օպերատիվ և արդյունավետ կազմակերպել անձանց հեռախոսազանգերի վերծանումների հետ կապված փաստաթղթաշրջանառության գործընթացը,- ասաց Վ. Շահինյանը:

Վերջինս անցնող տարվա կատարված ախատանքների ձեռքբերումներից առանձնացրեց նաև ծառայության աշխատանքներում միջազգային փորձի ներդրման նպատակով արտասահմանյան տարբեր երկրներում ՀՀ հատուկ քննչական ծառայության գործառույթներն իրականացնող կառույցների հետ համագործակցության ստեղծմանը միտված գործընթացը:

- Այս նպատակով Ծառայության ղեկավարությունը 2015 թվականին սկսել է մեր երկրում հավատարմագրված, օտարերկրյա զարգացած իրավական համակարգ և օրենսդրություն ունեցող մի շարք պետությունների դեսպանների հետ հանդիպումները, համանման կառույցների մեծ փորձն ուսումնասիրելու և հանցագործությունների դեմ պայքարի ու քննության մեթոդիկայի կատարելագործման նպատակով այդ կառույցների հետ միջազգային կապեր ստեղծելու և համագործակցելու նպատակով: 2016 թվականին այս ուղղությամբ ծրագրված միջոցառումները շարունակվելու են,- ասաց Վ. Շահինյանը և կարևորելով այլ ուժային կառույցների հետ համագործակցությունը, նշեց,-  Կարծում եմ՝ առանձնահատուկ պետք է նշել, որ ծառայության շատուշատ ձեռքբերումների հարցում մեծ ներդրում ունեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայությունների մեր գործընկերները, ինչպես նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները:

Համոզված եմ, որ 2016 թվականին իրավապահ հիշյալ կառույցների հետ մեր համագործակցությունը շարունակվելու է: