Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Տեսադարան
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատողի օրն է
2014-11-28

Նոյեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ:
Ներկա էին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և այլք:
Նիստի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը.
Հարգարժա´ն հյուրեր,
Հարգելի´ գործընկերներ,
2007թ. նոյեմբերի 11-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքով կազմավորվեց Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը, որն իր գոյության կարճ ժամանակահատվածում կայուն տեղ է զբաղեցրել հանրապետության իրավապահ մարմինների համակարգում:
Սրա հետ մեկտեղ Ծառայությունը հաստատեց նաև հանցավորության դեմ պայքարում մարտունակ և սկզբունքային լինելու իր առաքելությունը, պետության, կազմակերպությունների, մարդու իրավունքներն ու շահերը պաշտպանելու ունակությունը:Դրա ամենահասարակ ցուցիչն այն է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ այլ կառույցներում քննվող քրեական գործերով մեղադրյալներն ու տուժողները դիմումներ են ներկայացնում` խնդրելով, որ քրեական գործն անպայման քննվի Հատուկ քննչական ծառայությունում: Ծառայության նկատմամբ քաղաքացիների վստահության այս դրսևորումն, իրոք, ոգևորիչ է, բայց և խիստ պարտավորեցնող:
Գիտեմ, որ Ծառայության քննիչները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում սեփական կառույցին հատկացված գործառույթին: Հատուկ քննչական ծառայությանն օրենքով վերապահված քրեական գործերով նախաքննության ցուցանիշներն այլ եզրակացությունների չեն հանգեցնում, քան այն, որ հանցավորության, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում մեր քննիչները որդեգրել են միայն օրինական, օբյեկտիվ և անզիջում պայքարի մեթոդները: Օգտվելով առիթից` կուզենայի վստահորեն արձանագրել, որ ծառայության ղեկավարության կողմից արվել և արվում է առավելագույնը ծառայությունում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու և այդ չարիքը մեր կառույցից իսպառ արմատախիլ անելու ուղղությամբ: Եվ պետք է ընդգծել ու բարձրաձայնել, որ, այո, մենք այսօր այս ոլորտում ձեռքբերումներ ունենք:
Իրավապահ այլ մարմինների, իրենց դատավարական գործառույթներն ունեցող մյուս կառույցների հետ հարաբերություններում Հատուկ քննչական ծառայությունը հանդես է եկել նեղ գերատեսչական շահերից վեր կանգնելու, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մարդու և պետության շահը իրավիճակային լուծումներ տալուց գերադասելու դիրքերից:
Մենք գիտակցում ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը, գիտենք իրավական պետության կառուցման ճանապարհին պայքարի մեր տեղամասը, մեր խնդիրները զուսպ, հետևողական և անաչառ կատարելու պահանջները:
Հարգելի´ գործընկերներ,
Ցանկանում եմ վստահորեն զեկուցել, որ այսօր Հատուկ քննչական ծառայությունը ինքնուրույն է, անկաշառ և անաչառ, լիարժեք իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր լիազորությունները անկախ գործով անցնող անձանց գրաված դիրքից և պաշտոնից: Եվ այս ամենը իրականացվել է անմիջապես մեր երկրի Նախագահի աջակցության շնորհիվ, քանզի ակնհայտ է, որ մեր ուժերով վերը նշված նպատակներին հասնելն անհնար էր:
Օգտվելով առիթից կուզենայի այսօր ջերմորեն շնորհավորել Հատուկ քննչական ծառայության բոլոր աշխատակիցներին ծառայության ստեղծման 7-րդ տարելիցի առիթով, մաղթել Ձեզ բազում հաղթանակներ, Ձեր առաքելությանն արժանի վստահություն և գնահատանք, ընտանիքներին` առողջություն և երջանկություն:
ՀՀ Նախագահի օգնական Մարտին Զաքարյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատողի օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասված էր.
- Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հարգելի՛ ծառայողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ծառայության կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ:
Գոհունակությամբ պետք է նշել ծառայության հետևողական առաջընթացի և զարգացման, հանցավորության դեմ պայքարում արձանագրվող դրական ցուցանիշների մասին: Առանձնահատուկ պետք է ընդգծել հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն ծավալելու, օրենսդրության կատարելագործման ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերելու, ինչպես նաև ձեր ամենօրյա գործունեությանն առնչվող այլ հարցերում ծառայության դրսևորած սկզբունքայնությունը, զսպվածությունն ու անաչառությունը:
Գործունեության յոթ տարիների ընթացքում հատուկ քննչական ծառայությունը հաստատեց իր ուրույն տեղը, դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության իրավապահպան մարմինների համակարգում:
Ծառայությանը հիմնականում հաջողվել է լուծել իր առջև դրված խնդիրները, ձևավորվել է արդի մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու ունակ քննիչներից կազմված անձնակազմ, կառույցի քննչական ենթակայությանը վերապահված քրեական գործերով իրականացվում է որակյալ նախաքննություն:
Անհրաժեշտ է այսուհետ ևս շարունակել և ավելի բարելավել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման, հանցավորության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքները:
Վստահ եմ, որ սկզբունքայնությամբ, աշխատասիրությամբ, կուտակված փորձով, մասնագիտական բարձր գիտելիքներով և աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կարողանալու եք պատվով կատարել ծառայությանը օրենսդրությամբ վերապահված բարդ ու դժվարին գործառույթները:
Կրկին շնորհավորելով ծառայության կազմավորման օրվա առթիվ` մաղթում եմ նոր ձեռքբերումներ ձեր պատասխանատու գործունեության մեջ, ձեզ և ձեր ընտանիքներին՝ առողջություն և երջանկություն:
Հանդիսավոր նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա կարևորեց ծառայության գործունեությունը, դրվատանքով ներկայացրեց Ծառայության ծառայողներին վերապահված առաքելությունը և գլխավոր դատախազության կողմից ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանին հանձնեց արդարադատության խորհրդանիշը համարվող Ֆեմիդայի արձանը:
Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նա ասաց, որ Ծառայության գրեթե բոլոր ծառայողներին անձամբ ճանաչում է, և ուրախ է, որ նրանք շարունակում են աշխատել Հատուկ քննչական ծառայությունում: 
Աղվան Հովսեփյանը բարձր գնահատեց Հատուկ քննչական ծառայության 7-ամյա գործունեությունը և մաղթեց մասնագիտական հաջողություններ: Քննչական կոմիտեի նախագահը մեդալներ և շնորհակալագրեր հանձնեց Ծառայության ծառայողներին: 
Ելույթով հանդես եկավ նաև Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար և նախարարության հուշամեդալներով ու շնորհակալագրերով պարգևատրեց Ծառայության ծառայողներին: 
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը Հատուկ քննչական ծառայության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ընթերցեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ռաֆիկ Այդինյանը: 
«Անուրանալի է ձեր ավանդը Հայաստանում օրինականության ամրապնդման և իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների ու պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից օրենքի տառին խստորեն հետևելու, նրանց տարբեր գայթակղություններից զերծ պահելու ասպարեզներում: Եվ ձեր տքնաջան ու անաչառ աշխատանքն է մեծապես պայմանավորում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատանքի և ընդունած բազմաթիվ որոշումների նկատմամբ հասարակության վստահության աստիճանը: Ձեր արհեստավարժ, հետևողական ու անկաշառ աշխատանքն է մեզ հավատ ներշնչում, որ անգամ խնամքով նախապատրաստված, հասարակության արդարացի վրդովմունքի պատճառ դարձած ամենաբարդ ու ամենածանր հանցագործությունները բացահայտվելու են և մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»,- ասված է Սեյրան Օհանյանի ուղերձում:
ՀՀ ոստիկանության պետի ելույթը հանդիսավոր նիստի ժամանակ ընթերցեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Նա իր կողմից ևս շնորհավորեց Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին և ՀՀ ոստիկանության պետի հրամանով ծառայողական պարգևներն ու շնորհակալագրերը հանձնեց Ծառայության ծառայողներին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը հանդիսավոր նիստի ավարտին խրախուսեց Հատուկ քննչական ծառայության քննիչներին մեդալներով, շնորհակալագրերով և հուշանվերներով: