Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի ելույթը ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին
2019-11-29

Մեծարգո´ վարչապետ, հարգելի´ հյուրեր,

Հատուկ քննչական ծառայության սիրելի´ աշխատակիցներ

 

Ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում ծառայության համար այս կարևոր օրը մեզ հյուրընկալվելու համար:  Սույն թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության կողմից որոշում է ընդունվել նոյեմբերի 28-ը որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օր նշելու մասին: Ու թեև ավանդույթի ուժով անցած 11 տարիներին այդ օրը նշվել է որպես ծառայության կազմավորման օր, այս տարի դրվեց նաև դրա իրավական հիմքը, ուստի արդեն պաշտոնապես շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվա և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձի առթիվ:

Թեև ՀՀ իրավապահ համակարգի մյուս կառույցների համեմատ ծառայությունը  բավականին երիտասարդ է, սակայն այսօր արդեն կարող ենք փաստել, որ այն կայացած, ավանդույթներ ունեցող իրավապահ մարմին է, որը պատվով իրականացնում է օրինականության և իրավակարգի ամրապնդման ոլորտում իր առաքելությունը: 

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ հատուկ քննչական ծառայության  ծառայողները քաջ գիտակցում են երկրի համար այս կարևոր ժամանակաշրջանում իրենց վստահված աշխատանքի բացառիկությունը: Գուցե մի փոքր անհամեստ է հնչում, երբ խոսում ենք մեր կատարած աշխատանքի բացառիկության մասին, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, անկախ գործունեության տեսակից և զբաղեցրած պաշտոնից, պետք է համոզված լինի իր կողմից կատարվող աշխատանքի բացառիկության մեջ,  քանի  որ մեծ ու փոքր սխրանքների հնարավորություն կա յուրաքանչյուր մասնագիտության մեջ, և մենք պարզապես պարտավոր ենք աշխատանքին վերաբերվել հենց այդ փիլիսոփայությամբ, այն կատարել անմնացորդ նվիրումով. հակառակ դեպքում չենք կարող հաջողել: Քննիչի դեպքում մասնագիտությունը շատ ավելին է, քան պարզապես վճարովի աշխատանքը. դա յուրաքանչյուր դեպքում ուժերի գերլարում, ստեղծագործական մոտեցում պահանջող պատասխանատու, ծանր, հաճախ  ընտանիքի և մտերիմների հետ շփումների, հանգստի  հաշվին կատարվող աշխատանք է, և այստեղ նշանակալի հաջողություններ գրանցում են միայն նվիրյալները: Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր ծառայությունում այդպիսիք շատ են:

Այս տարվա 11 ամիսների ընթացքում ծառայության քննիչների վարույթում քննվել է  656 քրեական գործ, որից 536–ի ընթացքը լուծվել է, այդ թվում`  71 քրեական գործ 115 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նույն ժամանակահատվածում ծառայության քննիչների կողմից նախապատրաստվել են 439 նյութեր, հարուցվել են 261 քրեական գործեր: Ծառայությունում ստացվել և քննարկվել են 2544 դիմումներ: Անցած տարի հենց այս դահլիճում հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված հանդիսավոր նիստին համոզմունք հայտնեցի, որ ազնիվ և նպատակասլաց աշխատանքը  չի կարող չտալ իր արդյունքները, քանի որ էներգիայի պահպանման օրենքը գործում է նաև այստեղ: Քրեական գործերի քննության արդյունավետության կարևոր ցուցանիշներից է հանցագործությամբ պատճառված նյութական վնասի վերականգնման վիճակը:

Այս ժամանակահատվածում  վարույթում գտնվող քրեական գործերով վերականգնվել է աննախադեպ մեծ նյութական վնաս` 4.331.935.405 ՀՀ դրամ: Սա միայն կանխիկ գումարով  պետության բյուջե վերադարձված գումարի չափն է. դրանից բազմակի անգամ ավելի մեծ չափով կալանք է դրվել մեղադրյալներին  իրավաբանորեն և փաստացի պատկանող  շարժական և անշարժ գույքերի, ինչպես նաև հանցագործության առարկա հանդիսացած ակտիվների վրա, որոնք  կտնօրինվեն դատական ակտերով:Նշված ակտիվների հստակ չափը օբյեկտիվորեն նշել չեմ կարող, քանի որ, քրեական գործի առանձնահատկություններից ելնելով,  ոչ բոլոր դեպքերում են նշանակվում դատաապրանքագիտական փորձաքննություններ: Ինչ խոսք, այս ցուցանիշներն  էլ ամբողջությամբ գոհացնող համարվել չեն կարող, սակայն ճշմարտության համար պետք է նշեմ,  որ 2008-2018 թվականների ընթացքում, այսինքն`  ծառայության գոյության  11 տարիների  ընթացքում վերականգնված գումարը կազմել է 597.698.770 դրամ, այսինքն` միայն այս տարի վերականգնված գումարը 7 անգամ ավելին է, քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած:

Ծառայությունում քննված որոշ քրեական գործերով բացահայտվել են պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող հարյուրավոր հեկտարներ ընդհանուր մակերեսով հողամասերի ապօրինի օտարման դեպքեր և, քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումները հիմք ընդունելով, միջնորդություններ են ներկայացվել կառավարության լիազոր մարմնին` այդ տարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար: Պետության սեփականությունը հանդիսացող   հողամասերն ապօրինի իրացնելու դեպքերում համապատասխան միջնորդություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն` պետության գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու համար:

Այսպես, «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվեցին Ծաղկաձորում 106 հեկտար անտառային ֆոնդի տարածքների ապօրինի իրացման  դեպքեր: Թեև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով մեղավոր պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, սակայն նախաձեռնվել է այդ տարածքների վերադարձը պետությանը: Մեկ այլ քրեական գործով հիմնավորվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներին հողամասեր ապօրինի իրացնելու բազմաթիվ դեպքեր, որից միայն 7, 5 հեկտարը` Դիլիջան համայնքում, 168 հեկտարը` Արարատի մարզում: Նույն ընթացակարգով նախաձեռնվել է նաև նշված հողատարածքների վերադարձը համայնքներին: Ծառայության վարույթում է գտնվում նաև  «Հաղթանակ» զբոսայգու տարածքների ապօրինի իրացման վերաբերյալ քրեական գործը, որի նախաքննությունը դեռևս շարունակվում է: Համոզված եմ` եկող տարվա ընթացքում այս գործով նույնպես կունենանք շոշափելի հաջողություններ: Ծառայության վարույթում այսօր քննվում են  շուրջ 120 քրեական գործեր, որոնցից շատերը մեծածավալ աշխատանք պահանջող, բարդ, բազմադրվագ գործեր են, որոնցով, վստահեցնում եմ, մոտ ապագայում կունենանք նշանակալի արդյունքներ: Այն, որ կատարած հանցանքի համար պատասխանատվության և պատժի անխուսափելիության գիտակցումը հանցագործությունների կանխարգելման ամենակարևոր բաղադրիչն է, դասագրքային ճշմարտություն է, և մեր հիմնական թիրախներից է, որպեսզի մեր գործունեությամբ արձանագրված արդյունքներով այդ գիտակցումը հասցնենք հասարակական հարաբերությունների բոլոր մասնակիցներին:  Թեև արձանագրված հաջողությունները քիչ չեն, սակայն միանշանակ է, որ ծառայությունը դեռևս լուրջ անելիքներ ունի հատկապես կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի արդյունավետության հետ կապված, այդ գործերով մեղադրվող անձանց կողմից ապօրինի կուտակված, այդ թվում`  հանրապետությունից ապօրինի դուրս բերված  ակտիվների վերադարձի առումով: Այս ուղղությամբ ծառայությունը ակտիվ համագործակցում է օտարերկրյա գործընկերների հետ, իրավական օգնության հարցումներ են ուղարկվում տարբեր երկրներ, ծառայության քննիչները մասնակցում են փորձի փոխանակման նպատակով այս թեմաներով կազմակերպվող քննարկումներին և որակավորման բարձրացման դասընթացներին: Lիահույս եմ, որ այդ ամենը մոտ ապագայում կտա իր արդյունքները: Ծառայությունը սերտորեն համագործակցում է նաև ՀՀ իրավապահ մյուս մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Առանց նշված համագործակցության և աջակցության, անկասկած, արդյունքներն այսպիսին չէին լինի,  ինչի  համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին: Մշտապես զգացել ենք ծառայության նկատմամբ կառավարության և անձամբ վարչապետի հոգածությունը, ինչի համար ամբողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` պարո´ն վարչապետ, և Հայաստանի Հանրապետության կառավարությանը:  Վստահեցնում եմ, որ ծառայությունն այսուհետ նույնպես դրսևորելու է անհրաժեշտ հետևողականություն և ջանասիրություն օրենքի բացարձակ գերակայության ապահովման վեհ գաղափարի կյանքի կոչման գործում իրեն վստահված ոլորտում արդյունավետություն ապահովելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար: