Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը
2019-11-29

Այսօր տեղի է ունեցել ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության  պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը,  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանը, նշելով, որ 2019 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշմամբ նոյեմբերի 28-ն այլևս նշվելու է որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օր, այդ կապակցությամբ շնորհավորել է ծառայության բոլոր աշխատակիցներին. «Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ հատուկ քննչական ծառայության  ծառայողները քաջ գիտակցում են երկրի համար այս կարևոր ժամանակաշրջանում իրենց վստահված աշխատանքի բացառիկությունը: Գուցե մի փոքր անհամեստ է հնչում, երբ խոսում ենք մեր կատարած աշխատանքի բացառիկության մասին, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, անկախ գործունեության տեսակից և զբաղեցրած պաշտոնից, պետք է համոզված լինի իր կողմից կատարվող աշխատանքի բացառիկության մեջ,  քանի  որ մեծ ու փոքր սխրանքների հնարավորություն կա յուրաքանչյուր մասնագիտության մեջ, և մենք պարզապես պարտավոր ենք աշխատանքին վերաբերվել հենց այդ  փիլիսոփայությամբ, այն կատարել անմնացորդ նվիրումով. հակառակ դեպքում չենքկարող հաջողել: Քննիչի դեպքում մասնագիտությունը շատ ավելին է, քան պարզապես վճարովի աշխատանքը. դա յուրաքանչյուր դեպքում ուժերի գերլարում, ստեղծագործական մոտեցում պահանջող պատասխանատու, ծանր, հաճախ  ընտանիքի և մտերիմների հետ շփումների, հանգստի  հաշվին կատարվող աշխատանք է, և այստեղ նշանակալի հաջողություններ գրանցում են միայն նվիրյալները: Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր ծառայությունում այդպիսիք շատ են»:

Անդրադառնալով ծառայությունում քննված քրեական գործերին՝ ծառայության պետը փաստել է, որ անցած 11 ամիսների ընթացքում դրանցով վերականգնված գումարների աննախադեպ ցուցանիշ է արձանագրվել. միայն 2019-ին վերականգնված գումարը 7 անգամ ավելին է, քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած. «Այս ժամանակահատվածում  վարույթում գտնվող քրեական գործերով վերականգնվել է աննախադեպ մեծ նյութական վնաս` 4.331.935.405 ՀՀ դրամ: Սա միայն կանխիկ գումարով  պետության բյուջե վերադարձված գումարի չափն է. դրանից բազմակի անգամ ավելի մեծ չափով կալանք է դրվել մեղադրյալներին  իրավաբանորեն և փաստացի պատկանող  շարժական և անշարժ գույքերի, ինչպես նաև հանցագործության առարկա հանդիսացած ակտիվների վրա, որոնք կտնօրինվեն դատական ակտերով»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին և ծառայության բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ` նշելով. «Իհարկե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր էությամբ Հատուկ քննչական ծառայությունն անկախ մարմին է, բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ մարմնի գործունեության համար շատ կարևոր են այն քաղաքական համատեքստը և մթնոլորտը, որ երկրում առկա են, որովհետև, այնուամենայնիվ, այո, ինստիտուցիոնալ անկախությունն ինքնին չի նշանակում և երբեք չի կարող նշանակել միջավայրային անկախություն, մթնոլորտի անկախություն»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ հնարավոր չէ առանձին վերցրած մարմնում օրինականություն, անկախություն, արդարություն կառուցել:

«Կարծում եմ և համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում Հատուկ քննչական ծառայության գործունեության կամ ավելի ճիշտ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցանքների հետաքննության համար ստեղծված են հնարավոր ամենալավ պայմանները, համենայն դեպս, երրորդ հանրապետության պատմության մեջ մենք ավելի լավ պայմաններ երբեք չենք ունեցել: Եվ ուզում եմ ընդգծել, որ երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի մասին, չարաշահումների մասին, քաղաքական իրավիճակի և նրբությունների բերումով սովորաբար, համենայն դեպս, երբեմն ընդհանուր առմամբ, ցավոք, ընկալվում է, որ մենք նկատի ունենք միայն նախկին պաշտոնյաներին: Եվ ես ուզում եմ այսօր այս առիթն օգտագործել՝ արձանագրելու համար, որ ամենևին գուցե թե սկզբունքայնության առումով մենք ավելի շատ նկատի ունենք գործող պաշտոնյաներին, որովհետև եթե չարաշահումների դեմ պայքարը վերաբերի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական կոնյուկտուրա, քաղաքական նպատակահարմարություն և չարաշահումների հին կուլտուրան չարաշահումների նոր կուլտուրայով փոխարինելու ձգտում, չարաշահումների հին անձնակազմը չարաշահումների նոր անձնակազմով փոխարինելու ձգտում: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ իրավիճակի այսպիսի, նույնիսկ լուռ մեկնաբանությունը ընդհանրապես ոչ մի կապ չունի իրականության հետ: Ես համոզված եմ, իմանալով, նաև այս ընթացքում վերլուծելով, քննարկելով մեր շփումները Հատուկ քննչական ծառայության պետի, Գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի նախագահի, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարների հետ, համոզված եմ, որ մենք և ընդհանրապես մեր կառավարության ներկայացուցիչներն այս մարտահրավերը շատ լավ հասկանում են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

«Շատ է խոսվում այն մասին, թե ինչպես է գործում իրավապահ համակարգը, և ինքս էլ առիթ ունեցել եմ ասելու, որ միշտ չէ և ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, որ շատ բավարարված եմ կոռուպցիոն և ընդհանրապես պաշտոնյաների հետ կապված գործերի քննության արդյունքներով: Բայց սա, անկեղծ ասած, քաղաքական մակարդակում շատ հեշտ է արձանագրել, բայց երբ խորանում ենք դետալների մեջ և արձանագրում ենք փաստեր, տեսնում ենք, որ իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարված»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ այսօր բոլոր քննչական մարմիններում, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունում առկա է քննիչների ծանրաբեռնվածության մեծ խնդիր. «Այսօր, երբ ուսումնասիրում ենք քննիչների միջին ծանրաբեռնվածությունը, տեսնում ենք, որ, ըստ էության, մարդիկ աշխատում են անմարդկային պայմաններում: Եվ իսկապես, այս աշխատանքի համար ես կուզենայի նախևառաջ շնորհակալություն հայտնել Հատուկ քննչական ծառայության քննիչներին, ընդհանրապես մեր քննչական մարմիններին, դատախազությանը՝ իրենց կատարած աշխատանքի համար, բայց մյուս կողմից ասել, որ սա մեր, այսպես ասած, յուրահատուկ, մեր պետական, սխալ չընկալվի, Գողգոթայի ճանապարհն է: Մենք այս տառապանքների միջով պետք է անցնենք, որպեսզի մեր երկիրը դուրս բերենք նոր բարձունքի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության պետի հրապարակած այն փաստին, որ մեկ տարվա գործունեության ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում քննված գործերով վերականգնվել է պետությանը հասցված 7 անգամ ավելի շատ վնաս, քան Հատուկ քննչական ծառայության գոյության նախորդ 11 տարիների ընթացքում, վարչապետն այն անվանեց սենսացիոն փաստ, ինչը, ըստ նրա, վկայում է այն մասին, որ ծառայությունում իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարվում:

ՀՀ վարչապետը, ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորին օրվա առթիվ, ասել է. «Ուրախ եմ, որ հենց մեր կառավարությունն է դե յուրե սահմանել Հատուկ քննչական ծառայության աշխատողի օրը: Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություններ: Եվ չեմ ուզում հիմա որևէ քրեական գործի քննություն առանձնացնել, չնայած ինչպես մեր առաջին հանդիպման ժամանակ, նախորդ տարի ասել եմ՝ կան գործեր, որոնք Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, բայց մյուս կողմից այս մեկ տարվա ընթացքում ձեր գործունեության շրջանակի ընդլայնումը ցույց է տալիս, որ ռազմավարական նշանակության գործերի թիվը շատանում է և այո՛, թույլ տվեք արձանագրել որ Հատուկ քննչական ծառայությունում քննվում են հիմնականում ռազմավարական նշանակության գործեր՝ առնվազն հայեցակարգային, փիլիսոփայական, երկրի զարգացման տեսլականի առումով, չնայած, եթե շատ բացարձակացնենք, յուրաքանչյուր քրեական գործի քննությունն է ռազմավարական, որովհետև այդ գործի քննության որակից, այդ գործի տրամաբանության, արդարության չափից կանխորոշվում է այն մթնոլորտը, որ մենք ունենք ՀՀ-ում, իսկ այդ մթնոլորտից կանխորոշվում է ՀՀ-ի քաղաքացիների վերաբերմունքն իրենց երկրին, իսկ այդ վերաբերմունքով կանխորոշվում է այն ապագան, որը սպասվում է մեզ և մեր սերունդներին»:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, շնորհակալություն  հայտնելով ՀՀ վարչապետին, ՀՀ կառավարությանն ու Հատուկ քննչական ծառայության բոլոր գործընկերներին համագործակցության և աջակցության համար, վստահեցրել է, որ ծառայությունն այսուհետ նույնպես դրսևորելու է անհրաժեշտ հետևողականություն և ջանասիրություն` օրենքի բացարձակ գերակայության ապահովման վեհ գաղափարի կյանքի կոչման գործում իրեն վստահված ոլորտում արդյունավետություն ապահովելու համար:

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով «Մխիթար Գոշի» մեդալով են պարգևատրվել ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանը, ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գեղամ Մարգարյանը:

Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՀՔԾ պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գարեգին Բեգոյանը և ՀՔԾ պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Աշոտ Ժամկոչյանը:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, ինչպես նաև ծառայության 12-րդ տարեդարձի կապակցությամբ ծառայության աշխատակիցները պարգևատրվել են մեդալներով, արտահերթ կոչումներով և շնորհակալագրերով: