Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ
2019-01-30

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում որդեգրել է իրականության հետ որևէ աղերս չունեցող ակնհայտ սուտ հրապարակումներով ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքը ստվերելու գործելաոճ` որպես «փաստ» վկայակոչելով «իրեն հասած հավաստի տեղեկություններն» ու անհայտ «աղբյուրները»:

30.01.2019թ.-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «ՀՔԾ քննիչները հեռանու՞մ են» վերտառությամբ հրապարակումը լրատվամիջոցի հերթական ապատեղեկատվությունն է, որի վերաբերյալ հարկ է նշել, որ կադրային փոփոխությունները ցանկացած կառույցի բնականոն աշխատանքի դրսևորումներից են: ՀՀ հատուկ քննչական ծառայության վերջին 5 տարվա կադրային տեղաշարժերի պատկերը հետևյալն է. 2014 թվականին աշխատանքից ազատվել է 6, 2015 և 2016 թվականներին` 5-ական, 2017-ին` 8 և 2018-ին` 3 ծառայող:

Ընդ որում, հիշյալ երեք քննիչները աշխատանքից ազատվել են 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին` անձնական դիմումի հիման վրա, և նրանցից որևէ մեկը նախորդ տարվա ընթացքում հասարակական հնչեղություն ունեցող կամ, օրաթերթի ձևակերպմամբ, «աղմկահարույց» գործի քննություն չի իրականացրել:

Վերը նշված թվային տվյալներից երևում է, որ Հատուկ քննչական ծառայությունում վերջին 5 տարվա ընթացքում ամենաքիչ կադրային հոսքը 2018 թվականին է եղել, ինչը ծառայությունում տիրող բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի մասին է վկայում:

Հատուկ քննչական ծառայության քննիչներն այսօր էլ շարունակում են իրենց առաքելության բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ կատարել ծառայողական պարտականությունները:

Վերոգրյալը հաշվի առնելով` «Ժողովուրդ» օրաթերթին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տվյալներով (լրատվամիջոցը միշտ էլ աշխատանքից ազատված քննիչներից նրանց ազատման պատճառները ճշտելու հնարավորություն է ունեցել, ինչը չի կատարել) և «սենսացիոն» լուրերով Հատուկ քննչական ծառայության` հասարակության շրջանում բարձր հեղինակությունը և վստահությունը ստվերելու փորձերից: