Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի ելույթը
2018-11-28

Հարգելի´ hյուրեր, սիրելի´ գործընկերներ

 

Թույլ տվեք ողջունել ձեզ և շնորհակալություն հայտնել մեր հրավերն ընդունելու և ծառայության համար տոնական այս օրը մեզ հյուրընկալվելու  համար:  

Այսօր լրանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման 11-րդ տարեդարձը, ու թեև օրը պաշտոնապես ընդգրկված չէ մասնագիտական տոների ցանկում, սակայն ծառայության աշխատակիցները, ավանդույթի համաձայն, այն նշում են որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակցի օր: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ ծառայության ողջ անձնակազմին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2007 թվականին ստեղծվել է որպես առանձնահատուկ առաքելություն ունեցող նախաքննության մարմին: Այն կոչված է լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներում օրինականության ապահովմանը, որոնցից կցանկանայի հատկապես առանձնացնել կոռուպցիայի դեմ պայքարը,  խոշտանգումների կանխարգելումը, ընտրական իրավունքի ազատ իրացումը: Դրանք ոլորտներ են, որոնց կարևորությունը հանրության կյանքում դժվար է գերագնահատել, հետևաբար շատ մեծ է այն պատասխանատվությունը, որը հանրության առաջ ստանձնել է ծառայությունը:

Այսօր կարող եմ գոհունակությամբ արձանագրել, որ ծառայության աշխատակիցները խորը գիտակցումով են վերաբերվում այն առաքելությանը, որն ի պաշտոնե իրականացնում են, հատկապես  երկրի համար շատ կարևոր այս անցումային ժամանակահատվածում:

Դրա վառ ապացույցն է այն, որ թեև վերջին վեց ամիսների ընթացքում քննիչների ծանրաբեռնվածությունը աճել է ավելի քան հարյուր տոկոսով, ծառայության աշխատակիցները հիմնականում ստիպված են օրվա մեջ աշխատել տասներեք-տասչորս ժամ, որոշ դեպքերում` նաև ավելի երկար, հաճախ առանց հանգստյան օրերի, սակայն որևէ մեկի կողմից չի նկատվում տրտնջալու, դժգոհելու նշույլ, ինչի համար ցանկանում եմ ծառայության բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ աշխատակազմին հայտնել իմ շնորհակալությունը:

Ծառայությունում գործում են անշեղ սկզբունքներ. խրախուսվում է կոմպետենտ, աշխատասեր, սկզբունքային և ազնիվ աշխատակիցը և հակառակը՝ չի ներվում ծուլությունը, աշխատանքի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը և անազնվությունը, անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններում է այն դրսևորվել:

Այս ընթացքում ունեցել ենք խրախուսվողներ, ծառայողական առաջընթաց գրանցածներ, սակայն եղել են նաև պատժվողներ, այդ թվում` մարդիկ, որոնք այլևս ծառայությունում չեն աշխատում:

Մեծ է ցանկությունս, որպեսզի հաջորդ տարվա ամփոփման ժամանակ առիթ չունենանք խոսելու պատժվածներից:

Տարիների ընթացքում ինձ մոտ համոզմունք է ձևավորվել, որ գործի նվիրյալների կողմից կատարվող  ազնիվ և նպատակասլաց աշխատանքը չի կարող չտալ իր պտուղները: Իսկ այն, որ միայն նվիրյալ անձինք են դառնում լավ քննիչներ և հաջողություններ գրանցում, կարծում եմ, կասկածից վեր է: Քննիչը, ում համար գործի քննությունն ընդամենը վարձատրվող աշխատանք է, ում աշխատանքային օրն սկսվում է ժամը 9:00-ին և ավարտվում ուղիղ ժամը 18:00-ին` անկախ նրանից, թե ինչ անհետաձգելի գործողություններ ունի անելու, և ով աշխատասենյակի դուռը փակելուց հետո այլևս չի ապրում իր գործով, չի կարող այս ասպարեզում հաջողություններ ունենալ:

Ինքս ունեմ քննության արդյունավետության իմ սեփական բանաձևը.  նախաքննության արդյունավետության ութսուն տոկոսը քննիչի կոմպետենտությունը, աշխատասիրությունը և պատասխանատվության զգացումն է, իսկ մնացած քսան տոկոսը` նրա վերադասի ամենօրյա վերահսկողությունը, դատախազական պատշաճ հսկողությունը, քննիչի կամքից անկախ տեղի ունեցող իրադարձություններն են, այդ թվում, որքան էլ որ տարօրինակ հնչի, հաջողությունը: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ գրեթե միշտ բախտը ժպտում է կոմպետենտ և աշխատասեր քննիչին:

Այս առումով կարող եմ ասել, որ ծառայության քննիչների հիմնական մասը համապատասխանում են այդ չափանիշներին, և մշտապես աշխատանքներ են տարվում մյուս քննիչների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու ուղղությամբ: Ծառայության քննիչները մասնակցում են թե´ հանրապետությունում, թե´ դրա սահմաններից դուրս կազմակերպվող որակավորման բարձրացման դասընթացների, փորձի փոխանակման համար կազմակերպվող միջացառումներին: 

Այն, որ ծառայությունում աշխատող քննիչները մեծամասամբ համապատասխանում են իմ կողմից նշված չափանիշներին, ապացուցում են այն հաջողությունները, որոնք վերջին մի քանի ամիսների ընթացքում գրանցվեցին հանրային մեծ հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործերի նախաքննության ընթացքում: Կատարված աշխատանքների ծավալների և արձանագրված արդյունքների մասին պատկերացում կազմելու համար նշեմ մի քանի թվային տվյալներ: Այսպես, վերջին վեց ամիսների ընթացքում միայն մարտի 1-ի գործով հարցաքննվել են 1000-ից ավելի անձինք, կատարվել են 40-ից ավելի խուզարկություններ, քաղաքացիներից և պետական տարբեր հիմնարկներից կատարվել են 85 առգրավումներ, նշանակվել են 23 փորձաքննություններ, այդ թվում՝ բարդ, համալիր փորձաքննություններ: Փորձաքննության է ներկայացվել  146 միավոր հրազեն և մեծ քանակությամբ զինամթերք: Եթե սրան ավելացնենք նաև քննիչների կողմից դատական վերահսկողության շրջանակներում քննվող բողոքներով դատական նիստերին մասնակցությունը, քննիչների ներկայացրած միջնորդություններով դատական նիստերին մասնակցությունը, իսկ դրանց քանակը հարյուրից անցնում է, հարյուրավոր դիմումների և միջնորդությունների ընթացքի լուծումը, կարծում եմ՝ պատկերացում կկազմենք միայն մեկ քրեական գործով քննիչների կատարած  աշխատանքի իրական ծավալի մասին:  

Հայաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ էր նաև այսպես կողչվող ՙՙԶիբիլիքսի՚՚ գործով արձանագրված արդյունքը: Առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվեց համակարգային ընտրակեղծարարության շղթան: Ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործով վերսկսված նախաքննության ընթացքում, այսինքն սույն թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին  հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, դատարան են ներկայացվել 14 միջնորդություններ՝ խուզարկության, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու, բջջային հեռախոսահամարների զանգերը վերծանելու, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները ստանալու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու համար: Տարբեր հասցեներում միաժամանակ իրականացվել են մի շարք խուզարկություններ, կատարվել 61 զննություններ,առգրավումներ, առերեսումներ, դեպքի հանգամանքների շուրջ հետաքննության մարմիններին տրվել են շուրջ մեկ տասնյակ հանձնարարություններ:

Իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ` ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության մեր գործընկերների հետ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենց կողմից ձևավորված ենթաշտաբերի ղեկավարների միջոցով 2017 թվականի մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը որպես ընտրակաշառք` յուրաքանչյուրին տասը հազարական դրամ, բաժանել են տարածքի ընտրողներին Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նշված երկու անձանց, ինչպես նաև կաշառք տալու հարցում նրանց օժանդակած ինը անձանց    մեղադրանքներ են  առաջադրվել քրեական  օրենսգրքի  համապատասխան հոդվածներով և քրեական գործը տասնմեկ մեղադրյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ի դեպ, նշեմ, որ բոլոր մեղադրյալներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել: Դատաքննությունը դեռ չի ավարտվել:  Հանցագործության կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու նպատակով քրեական գործից անջատված մասով նախաքննությունը այսօր էլ շարունակվում է:

Մեծ ծավալի աշխատանք է կատարվել նաև Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով:

2018թ. հունիսի 15-ին հարուցված այս գործով մինչ օրս հարցաքննվել են ավելի քան 200 անձինք, կատարվել են ընդհանուր առմամբ 72 խուզարկություններ և առգրավումներ:

Կցանկանայի հատկապես առանձնացնել այն, որ Մանվել Գրիգորյանի առանձնատանից առգրավված տարբեր անձանց և կազմակերպությունների անուններով գրանցված 200 անուն անշարժ գույքի սեփականության վկայականների շուրջ կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անշարժ գույքի զգալի մասի ձեռքբերումը կատարվել է օրենքի խախտումներով և այդ կապակցությամբ իմ կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց սկսելու համար: Մնացած գույքերի ձեռքբերման օրինականությունը ստուգվում է:

Արգելանք է դրվել 4 մեղադրյալների բանկային հաշիվների վրա, նշանակվել են 12 փորձաքննություններ, որոնց մի մասը համալիր: Միջազգային իրավական հարցումներ են ուղարկվել 15 երկրներ։ 7 ընկերություններում նշանակվել են ֆինանսատնտեսական և հարկային ստուգումներ, ստացված նախնական տվյալների համաձայն՝ ֆինանսական խախտումների ծավալը կազմում է մոտ 1 միլիարդ դրամ, որը վերականգնելու պատրաստակամություն քրեական հետապնդման ենթարկվող անձինք հայտնել են:

Ծառայությունում քննվում են նաև նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ  քրեական գործեր, որոնցով նույնպես կատարվել է մեծ ծավալի քննություն, այդ թվում` երկու տասնյակ քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ` այնտեղ գտնվող հիշյալ անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ ծառայությունում քննվող քրեական գործերով փաստացի վերականգնվել է 139 միլիոն դրամ նյութական վնաս, կալանք է դրված 14.685.000 դոլար, 221.000 եվրո, 219.300.000 դրամ  դրամական միջոցների, երեք հարյուր միավորը անցնող անշարժ գույքի վրա:

Համոզված եմ, որ մոտ ապագայում այդ գործերով կկազմվեն մեղադրական եզրակացություններ, դրանք  կուղարկվեն դատարան, և դատավճիռներից հետո այդ հսկայածավալ միջոցները կուղղվեն պետական բյուջե:

Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործերից բացի այս ընթացքում բարձր արդյունավետությամբ քննվել են նաև մեծածավալ և որոշակի բարդություն ներկայացնող բազմաթիվ այլ քրեական գործեր: Այսպես, սույն թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ ծառայության քննիչների վարույթում քննվել է 697 քրեական գործ, որից  570-ի ընթացքը լուծվել է, այդ թվում 86 քրեական գործ՝ 155 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 127 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նույն ժամանակահատվածում ծառայությունում ստացվել և քննարկվել են 2520 դիմումներ: Ի դեպ, եթե հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մուտքագրվել է 598 դիմում, այսինքն` մուտքագրված դիմումների ամսական միջին թիվը կազմել է 149 դիմում, մայիս-նոյեմբեր ամիսների ընթացքում ստացել ենք 1922 դիմում, այսինքն`  միջինը ամսական մուտքագրվել է  275 դիմում կամ 85 %-ով ավել: Դիմումների քանակի նման աճը անշուշտ վկայում է ծառայության հանդեպ քաղաքացիների վստահության աճի մասին, ու թեև դրա հետ մեկտեղ ավելացել է ծանրաբեռնվածությունը, սակայն նման հանգամանքը պետք է դիտարկել որպես դրական ցուցիչ:

Հաշվետու ժամանակահատվածում ծառայությունը սերտորեն համագործակցել է  ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության, քննչական կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի, պաշտպանության նախարարության, ֆինանսների նախարարության, կենտրոնական բանկի և այլ գերատեսչությունների մեր գործընկերների հետ, նրանցից մշտապես ստացել ենք պատշաճ աջակցություն, առանց որի վստահաբար չէինք ունենա այս արդյունքները: Այդ կապակցությամբ մեր գործընկերներին հայտնում եմ իմ շնորհակալությունը:

Ծառայությունն իր գործունեության ընթացքում համագործակցել է նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, սեփականության տարբեր ձևեր ունեցող կազմակերպությունների հետ: Մենք միշտ զգացել ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության հոգածությունը ծառայության, նրա խնդիրների նկատմամբ, ինչի համար ցանկանում եմ ծառայության անունից շնորհակալություն հայտնել վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Ծառայությունն այսուհետ ևս նույն եռանդով և նվիրումով շարունակելու է կատարել իր գործառույթները: Համոզված եմ, որ մոտ ապագայում ունենալու ենք ավելի մեծ ձեռքբերումներ:  Վստահեցնում եմ, որ ծառայությունը համալրված է իր աշխատանքը սիրող կոմպետենտ ու ազնիվ անձնակազմով և պատրաստ է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները:

Շնորհակալություն: