Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման 11-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը
2018-11-28

Այսօր տեղի է ունեցել ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման 11-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը, որին ներկա են գտնվել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 ՀՀ առաջին փոխվարչապետ Ա. Միրզոյանը, շնորհավորելով ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին, նրանց է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը կառույցի հիմնադրման 11-րդ տարեդարձի առթիվ. «Որպես անկախ, գերատեսչական շահով չկաշկանդված մարմին, հատուկ քննչական ծառայությունն այսօր առավել քան երբևէ իր գործելակերպը պետք է կառուցի օրինականության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի հիման վրա՝ երաշխավորելով անձանց իրավունքներն ու օրինական շահերը։

Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել մեր պետության համար կարևորագույն այս փուլում հատուկ քննչական ծառայության պատասխանատու դերը: Ներկայումս ծառայության վարույթում քննվող քրեական գործերը գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում, ինչը քննիչներից պահանջում է աշխատանքի նկատմամբ առավել պատասխանատու վերաբերմունք և ուժերի գերլարում:

Ողջունելի են 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով հանցագործությունների բացահայտմանն ուղղված հետևողական ջանքերը, մոտ մեկ տասնամյակ տևած անարդյունավետ քննությանը հաջորդած աննախադեպ բացահայտումները, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունից և նրա քաղաքացիներից հափշտակված գումարների վերադարձմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Կարևորում եմ բոլոր, հատկապես հանրային հնչեղություն և հասարակական մեծ հետաքրքրություն ունեցող գործերի վերաբերյալ ծառայության կողմից տեղեկատվության պարբերական տրամադրումը, ինչը քրեական գործերի քննության նկատմամբ հասարակական վերահսկողության իրացման կարևոր երաշխիք է:

Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական փորձի, գիտելիքների ու նվիրման շնորհիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պատվով կկատարի միջազգային չափորոշիչներին համապատասխանող քննչական մարմնի իր առաքելությունը, որի գործունեությունն էապես կնպաստի իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահության աստիճանի բարձրացմանը»,- նշված է ուղերձում:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, իր ելույթում անդրադառնալով վերջին ժամանակահատվածում ծառայության արձանագրած արդյունքներին, նշել է, որ կառույցի աշխատակիցները խորը գիտակցումով են վերաբերվում այն առաքելությանը, որն ի պաշտոնե իրականացնում են, հատկապես երկրի համար շատ կարևոր այս անցումային ժամանակահատվածում. «Կատարված աշխատանքների ծավալների և արձանագրված արդյունքների մասին պատկերացում կազմելու համար նշեմ մի քանի թվային տվյալներ: Այսպես, վերջին վեց ամիսների ընթացքում միայն մարտի 1-ի գործով հարցաքննվել են 1000-ից ավելի անձինք, կատարվել են 40-ից ավելի խուզարկություններ: Քաղաքացիներից և պետական տարբեր հիմնարկներից կատարվել են 85 առգրավումներ, նշանակվել են 23 փորձաքննություններ, այդ թվում՝ բարդ, համալիր փորձաքննություններ: Փորձաքննության է ներկայացվել  146 միավոր հրազեն և մեծ քանակությամբ զինամթերք: Եթե սրան ավելացնենք նաև քննիչների կողմից դատական վերահսկողության շրջանակներում քննվող բողոքներով դատական նիստերին մասնակցությունը, քննիչների ներկայացրած միջնորդություններով դատական նիստերին մասնակցությունը, իսկ դրանց քանակը հարյուրից անցնում է, հարյուրավոր դիմումների և միջնորդությունների ընթացքի լուծումը, կարծում եմ՝ պատկերացում կկազմենք միայն մեկ քրեական գործով քննիչների կատարած  աշխատանքի իրական ծավալի մասին»,- ասել է Ս. Խաչատրյանը:

Ըստ ծառայության պետի` աննախադեպ է եղել նաև այսպես կոչված «Զիբիլիքսի» գործով արձանագրված արդյունքը: Ս. Խաչատրյանի խոսքով` առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվել է համակարգային ընտրակեղծարարության շղթան: Նշված գործով 2018թ.-ի հունիս-սեպտեմբեր ամիսներին հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ:

Անդրադառնալով ծառայության վարույթում քննվող մյուս գործերին` Ս. Խաչատրյանն առանձնացրել է նաև Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը, որով նույնպես մեծ ծավալի աշխատանք է իրականացվել. «Մ. Գրիգորյանի առանձնատնից առգրավված տարբեր անձանց և կազմակերպությունների անուններով գրանցված 200 անուն անշարժ գույքի սեփականության վկայականների շուրջ կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անշարժ գույքի զգալի մասի ձեռքբերումը կատարվել է օրենքի խախտումներով, և այդ կապակցությամբ իմ կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց սկսելու համար: Մնացած գույքերի ձեռքբերման օրինականությունը ստուգվում է:

Արգելանք է դրվել 4 մեղադրյալների բանկային հաշիվների վրա, նշանակվել են 12 փորձաքննություններ, որոնց մի մասը համալիր: Միջազգային իրավական հարցումներ են ուղարկվել 15 երկրներ։ 7 ընկերություններում նշանակվել են ֆինանսատնտեսական և հարկային ստուգումներ, ստացված նախնական տվյալների համաձայն՝ ֆինանսական խախտումների ծավալը կազմում է մոտ 1 միլիարդ դրամ, որը վերականգնելու պատրաստակամություն քրեական հետապնդման ենթարկվող անձինք հայտնել են»:

Ինչ վերաբերում է ծառայության քրեական գործերի թվային ցուցանիշներին և քրեական գործերով վերականգնված գումարներին, Ս. Խաչատրյանն ասել է.«Այս պահի դրությամբ ծառայությունում քննվող քրեական գործերով փաստացի վերականգնվել է 139 միլիոն դրամ նյութական վնաս, կալանք է դրված 14.685.000 դոլար, 221.000 եվրո, 219.300.000 դրամ  դրամական միջոցների, երեք հարյուր միավորը անցնող անշարժ գույքի վրա»:

2018 թ.-ի նոյեմբերի 27-ի դրությամբ ծառայության քննիչների վարույթում քննվել է 697 քրեական գործ, որից  570-ի ընթացքը լուծվել է, այդ թվում 86 քրեական գործ՝ 155 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 127 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ս. Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ մոտ ապագայում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ունենալու է ավելի մեծ ձեռքբերումներ. «Վստահեցնում եմ, որ ծառայությունը համալրված է իր աշխատանքը սիրող կոմպետենտ ու ազնիվ անձնակազմով և պատրաստ է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները»:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,շնորհավորելով կառույցի ողջ անձնակազմին, նշել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարողացել է համեմատաբար կարճ ժամանակահատվածում կայանալ և կատարել իր առջև դրված կարևոր դերն ու առաքելությունը. «Գնահատելով ծառայության գործունեության նախորդ ժամանակահատվածում կատարված աշխատանքը և նախանշելով հետագա անելիքները, կարելի է արձանագրել, որ այս ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել են բարդ և հասարակական հնչեղություն ունեցող բազմաթիվ քրեական գործեր, որոնցով ծառայության աշխատակիցներն ապացուցել են իրենց արհեստավարժությունը, գործին և հայրենիքին նվիրվածությունը, քանզի հայտնի է նմանատիպ գործերի բացահայտման դժվարությունն ու կատարած աշխատանքի ծավալն ու բարդությունը»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը:

ՀՀ ԱԱԾ պետ Ա. Վանեցյանը, իր հերթին, ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին ուղղված իր շնորհավորանքի խոսքում նշելով, որ կառույցի կողմից բացահայտված գործերը եղել են սպասված և արձանագրվել են դրական արդյունքներ, հույս է հայտնել, որ կգա ժամանակ, երբ լրահոսի հիմնական նյութերն այլևս չեն վերաբերվի քրեական գործերին. «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի երկրում հաստատվի օրինականությունը»,- ասել է ԱԱԾ պետը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ. Գրիգորյանը ևս, ՀՀ հատուկ քննչական ծառայության բոլոր աշխատակիցներին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, նշել է, որ կառույցն իր աշխատանքային գործունեության ընթացքում կարևոր դեր է ունեցել Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման, հանցավորության դեմ պայքարի գործում. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը այսօր էլ շարունակում է պատասխանատվության բարձր զգացումով կատարել իր լիազորությունները, պաշտպանել մարդու իրավունքները և ազատությունները, ամրապնդել ժողովրդավարական արժեքները, կանխել կոռուպցիոն դրսևորումները»,-ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը:

ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանը և ՀՀ պաշտպանության փոխնախարար Գ. Բալայանը նույնպես շնորհավորել են ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին:

ՀՀ վարչապետի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ նախագահին` իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Մխիթար Գոշի» մեդալներով պարգևատրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Արշալույս Միանասյանին և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանին: Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է ՀՀ վարչապետի մեդալով:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, ինչպես նաև ծառայության 11-րդ տարեդարձի կապակցությամբ ծառայության աշխատակիցները պարգևատրվել են մեդալներով, արտահերթ կոչումներով և շնորհակալագրերով: