Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին
2018-06-12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին:  Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորել նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Վարչապետը, մի քանի դիտարկումներ կատարելով Հատուկ քննչական ծառայության գործունեության հետ կապված` հույս է հայտնել, որ ծառայությունը կիրականացնի իր առջև դրված բոլոր գործառույթները. «Օրենսդրությամբ սահմանված է, որ Հատուկ քննչական ծառայությունը զբաղվում է իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին, և հաջորդ ամենակարևոր գործառույթը ընտրական հանցագործությունների հետ կապված գործերն են։ Այս շրջանակն արդեն ցույց է տալիս այն բացառիկ կարևորությունը, որ ունի Հատուկ քննչական ծառայությունը մեր կյանքում և, ընդհանրապես, իրավակարգի ապահովման բնագավառում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է. «Երբ որ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են և նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են։ Երբ ասում ենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյություն ունենալ։ Ուզում եմ հստակ ընդգծել, որ Հատուկ քննչական ծառայության առաջ դրված է այս խնդրի ապահովման մի հսկայական մասը և ես հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կիրականացնի իր այդ գործառույթը։

Ուզում եմ նաև ի վերջո լուծել իմ և ՀՔԾ-ի հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ: Կարծում եմ, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետև ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է առնչություն ունենալ նաև այդպիսի պաշտոնյաների հետ: ՀՔԾ քննիչների սենյակներում պետք է լինի ՀՀ զինանշանը, դրոշը և այս խորհրդանիշները պետք է արտահայտեն այն գործառույթը, որն իրականացնում է ՀՔԾ-ն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

«Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի Հատուկ քննչական ծառայությունը՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է»,-ընդգծել է վարչապետը` հավելելով. «Եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ՝ քաղաքական, մերձքաղաքական կամ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն գնացել առաջ, հույս ունեմ, որ ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ քննիչները կանդրադառնան բոլոր այդ գործերին՝ Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով»: 

Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանը շնորհավորել է ծառայության նորանշանակ պետին` նրան մաղթելով հաջողություններ իր հետագա աշխատանքներում և համոզմունք հայտնել, որ ծառայության սկզբունքային, պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ նորանշանակ պետը կիրականացնի իր առջև դրված բոլոր խնդիրները: 

Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման պատասխանատու աշխատանք իրեն վստահելու համար և համոզմունք հայտնել, որ ՀՔԾ կոլեկտիվը կարող է լուծել ցանկացած բարդության խնդիր. «Դրա համար ունենք կամք: Վստահեցնում եմ, որ պատվով կկատարենք Հատուկ քննչական ծառայության առջև դրված բոլոր խնդիրները»,- ասել է Սասուն Խաչատրյանը: