ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
Ըստ հաղորդման` ԴԱՀԿ պաշտոնատար անձը չարաշահել է պաշտոնեական դիրքը
2018-05-15

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության առթիվ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասով:

Այսպես, Բ. Մ.-ն 06.04.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցը դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրել համապատասխան ընկերությունում գրավադրված, համատեղ սեփականության իրավունքով իրեն և ևս երկու անձի պատկանող բնակարանի վրա: Այնուհետև, ԴԱՀԿ աշխատակիցը որոշում է կայացրել  բնակարանը էլեկտրոնային աճուրդով վաճառելու մասին, որի վերաբերյալ չի ծանուցել ինչպես բնակարանը գրավադրած պարտապանին, այնպես էլ իրեն և բնակարանի մյուս համասեփականատիրոջը: Արդյունքում ավելի քան 6.000.000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարանը էլեկտրոնային լոտով վաճառվել է 368.000 ՀՀ դրամով:

Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ ծառայության վերը նշված  աշխատակիցը, օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն, իրավասու չի եղել բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: