Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
Կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող` «Վանաձոր» ՔԿՀ-ի 10 պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ
2018-02-13

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, ինչպես նաև դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դրվագներ: Հիմնավորվել է, որ հանցավոր շղթայում ներգրավված են եղել ոչ միայն հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետն ու տեղակալը, այլև հիմնարկի առաջատար, նույնիսկ` կրտսեր խմբի պաշտոնատար անձինք, ովքեր դատապարտյալների հետ հանցավոր կապերի մեջ մտնելով` չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և դատապարտյալներից պարբերաբար կաշառք են ստացել: Ստեղծված իրավիճակի հետևանքով «Վանաձոր» ՔԿՀ-ում ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ, ինչն էլ հիմք է հանդիսացել տարբեր հանցածին դրսևորումների առաջացման, հանցավոր մեխանիզմների մշակման և իրագործման համար:

Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական և այլ դատավարական բազմաթիվ գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալներ, այսպես կոչված` «զոն նայող» Թ. Ֆ.-ի և Ա. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից պարբերաբար կաշառք է ստացել: Մասնավորապես, նշված դատապարտյալների և նրանց «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները սահմանված կարգի խախտմամբ բաց թողնելու և այդ կերպ նրանց ազատ տեղաշարժի հնարավորություն ընձեռելու, պատժի կրման ընթացքում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների, տեխնիկական սարքերի օգտագործումն ու այլ արտոնություններ տրամադրելու համար Գ. Մկրտչյանը Թ. Ֆ.-ից և Ա. Պ.-ից պահանջել ու Վանաձոր քաղաքի բնակիչ Կարեն Հակոբյանի միջոցով 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.750.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառքի գումարները ստանալուն զուգահեռ՝ Գ. Մկրտչյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել անօրինական գործողություններ կատարած դատապարտյալներին և կալանավորված անձանց պատժելու, նրանց կողմից կազմակերպված թղթախաղերը կանխելու ուղղությամբ: Փոխարենն առանձին դեպքերում անձամբ է կազմակերպել դատապարտյալների միջև գումարի դիմաց թղթախաղով զբաղվելու գործընթացը: Արդյունքում՝ կաշառք տված դատապարտյալները, օգտվելով անպատժելիության մթնոլորտից, ժամանակ առ ժամանակ նույնիսկ ալկոհոլ ու թմրանյութեր են օգտագործել, կատարել անօրինական այլ գործողություններ:

Ձևավորված կոռուպցիոն սխեմայում ակտիվ ներգրավվածություն են ունեցել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Ղարաքիշյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանն ու գլխավոր մասնագետ Վահե Ամիրխանյանը, ովքեր նույնպես Կարեն Հակոբյանի միջոցով դատապարտյալներ Թ. Ֆ.-ից և Ա. Պ.-ից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց վերջիններս դատապարտյալներին տվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նշված ժամանակահատվածում հիշյալ ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահներից որևէ մեկը ձեռնպահ չի մնացել դատապարտյալների հետ ապօրինի փոխհարաբերություններ հաստատելուց, ավելին` «Վանաձոր» ՔԿՀ-ի բոլոր պատասխանատու հերթապահները` Արտակ Պարսամյանը, Էդվարդ Քառյանը, Անդրանիկ Տիտանյանը և Վարդան Գևորգյանը 2017 թվականի ընթացքում` իրենց հերթապահության օրերին, շահադիտական դրդումներով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձինք դատապարտյալ Թ. Ֆ.-ից պարբերաբար կաշառք են ստացել, որի դիմաց վերջինիս օգտին կատարել են ակնհայտ ապօրինի գործողություններ. մասնավորապես, թույլատրել են սահմանված կարգի խախտմամբ սնունդ, ծխախոտ և այլ արգելված իրեր ՔԿՀ-ի ռեժիմային գոտի մտցնելու և դատապարտյալներին հասցնելու, առանձին դեպքերում թղթախաղեր կազմակերպելու, բաց տիպի պատիժ կրող դատապարտյալներին ապօրինի այլ աշխատանքների մեջ ներգրավելու գործընթացը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նշված ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Լիաննա Ոսկանյանը 08.06.2017թ.-ին ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի դրդմամբ կաշառք է ստացել դատապարտյալների համար որպես օգնություն բերված սնունդն ընդունելու համար:

Նկարագրված հանցավոր արարքների կատարման հետևանքով «Վանաձոր» ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձինք էական վնաս են պատճառել պետության օրինական շահերին, հեղինակազրկել պետական իշխանության մարմինը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը: Բացի այդ, խաթարվել են պատժի իրականացման սկզբունքներն ու նպատակը, հասարակության աչքին խեղաթյուրվել է սոցիալական արդարության վերականգնման օրենսդրական պահանջը:

Այսպիսով, կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար մեղադրանքներ են առաջադրվել.

Գևորգ Մկրտչյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ մասի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով,

Անդրանիկ Թումանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Ռուբեն Կիրակոսյանին՝ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով,  308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով,

Էդվարդ Քառյանին՝ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Արտակ Պարսամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Վարդան Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Անդրանիկ Տիտանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Վահե Ամիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Միքայել Ղարաքիշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Լիաննա Ոսկանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին  մասով,

Կարեն Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Գևորգ Մկրտչյանի, Անդրանիկ Թումանյանի, Էդվարդ Քառյանի և Արտակ Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մնացած մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են առանձնապես ծանր, ծանր և հանցագործությունների այլ տեսակների կատարման պատճառների ու նպաստող պայմանների մասին վկայող բազմաթիվ փաստեր, ուստի դրանք վերացնելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հովածով սահմանված կարգով համապատասխան միջնորդագրեր են նախապատրաստվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ՀՀ ոստիկանության ղեկավարությանը ներկայացնելու համար:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: