Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
Վահրամ Շահինյանի ելույթը ծառայության` 2018 թվականի հունվարի 24-ին անցկացված խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում
2018-01-24

Հարգելի՛ գործընկերներ, հյուրե՛ր,

2017 թվականը Հատուկ քննչական ծառայության համար առանձնահատուկ տարի էր. այն նշանավորվեց կառույցի կազմավորման 10-ամյա հոբելյանով, որը մեզ հնարավորություն ընձեռեց վերաիմաստավորել Ծառայության գործառութային առաքելությունը, արժևորել նախորդ տարիների նշանակալի ձեռքբերումները` միաժամանակ օբյեկտիվորեն վեր հանելով աշխատանքի ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները:

Պետք է փաստեմ, որ 2017 թվականին Ծառայությունը պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները` շարունակելով 2013 թվականից հետևողականորեն իրականացվող իր կարևորագույն առաքելությունը` հակակոռուպցիոն ռազմավարությունը:

Կարող եմ վստահաբար նշել, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ոչ միայն 2017-ի, այլև անցած տարիների մեր առանցքային ու ամենակարևոր ձեռքբերումն է, քանի որ հիշյալ ռազմավարության իրագործումը հանգեցրել է ոչ միայն մեր Ծառայության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, այլև նրա` որպես սկզբունքային և անաչառ պետական կառույցի դերակատարության աճին, որի մասին են վկայում աշխատանքի առանձնահատուկ որակ պահանջող, պետության և հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող քրեական գործերի նախաքննությունը հենց մեզ հանձնարարելու փաստերը:

Անշուշտ, սա մեզ ավելի է պարտավորեցնում` ընթացիկ տարում ևս հաղթահարել սահմանված բարձր նշաձողը և հատկապես օբյեկտիվ ու արդյունավետ քննություն իրականացնելու առումով անել հնարավոր ամեն ինչ` Ծառայությունից հասարակության ակնկալիքներն արդարացնելու նպատակով:

Այդուհանդերձ, չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Ծառայության կողմից կատարված մեծածավալ աշխատանքներին, դրանք առայժմ բավարար համարել չի կարելի, քանզի աշխատանքային որոշ ձևերի ու մեթոդների կատարելագործման և հակազդման առավել գործուն մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը դեռևս առկա է: Ինչպես Ծառայության 10-ամյակի կապակցությամբ իր ելույթում ընդգծել է Հանրապետության Նախագահը, «կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային և ժամանակին համահունչ դրսևորումներ»:

Համոզված եմ, որ 2018 թվականին մեր ջանքերը նպատակաուղղվելու են կոռուպցիայի դեմ պայքարն էլ՛ ավելի ակտիվացնելուն, այդ երևույթի հակազդման ու կանխարգելման իրավական գործիքները կատարելագործելուն, քանզի գաղտնիք չէ, որ դրանցից ամենակարևորը որակյալ և արդյունավետ նախաքննության կատարումն է: Այս առումով պետք է առանձնահատուկ ընդգծել, որ այն նաև Հատուկ քննչական ծառայության աշխատանքի նկատմամբ հանրային վստահության բարձրացման ամենակարևոր երաշխիքներից է:

Վերջին տարիներին Ծառայության ղեկավարության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի կառույցը համալրվի իրենց գործին նվիրված, մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ ունեցող ազնիվ քննիչներով, ովքեր ի զորու են կատարել բարդ, բազմադրվագ և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերով որակյալ նախաքննություն: Այդ տեսանկյունից 2017 թվականը նույնպես բացառություն չէր. Ծառայության քննչական կազմը նախորդ տարի համալրվել է երիտասարդ, մասնագիտական պատշաճ մակարդակ և բարոյական հատկանիշներ ունեցող քննիչներով: Ավելին, 2017 թվականին մեր կառույցում իրականացվող կադրային քաղաքականության մեջ էական փոփոխություն է կատարվել, այն է` Ծառայության գլխավոր պաշտոններում առաջացած թափուր հաստիքները համալրվել են բարեխիղճ և պրոֆեսիոնալ հատկանիշներով աչքի ընկած մե՛ր իսկ քննչական կադրերով:

Միաժամանակ պետք է նշեմ, որ հիշյալ աշխատակիցներին խրախուսելուն զուգահեռ` Ծառայությունը միանգամայն անհանդուրժող է եղել այն քննիչների նկատմամբ, ովքեր տարբեր առումներով թերացել են իրենց աշխատանքում: Աշխատաժամանակը անարդյունավետ ու ոչ նպատակային օգտագործող, արդյունավետ աշխատանքի պատրանք ստեղծող աշխատակիցներից մենք ձերբազատվել ենք: Պետք է առանձնահատուկ ընդգծեմ, որ Հատուկ քննչական ծառայության քննիչների շարքերում ցանկացած չարաշահում, անգամ աննշան թերացում անթույլատրելի է:

Մեր քննիչները պետք է գիտակցեն, որ Ծառայության հատուկ առաքելությամբ պայմանավորված` նրանց ներկայացվող պահանջները շատ ավելի խիստ են: Այդ է պատճառը, որ նախորդ տարվա ընթացքում Ծառայության ղեկավարության նախաձեռնությամբ արդեն իսկ Ծառայությունից հեռացել են Հատուկ քննչական ծառայության ծառայողին ներկայացվող պահանջներին չբավարարող 4 քննիչներ:

           

Հարգելի՛ գործընկերներ,

Անաչառ լինելու համար պետք է նշեմ, որ դեռևս որոշակի անելիքներ ունենք գերատեսչական վերահսկողության ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում: Խոսքը վերաբերում է ոչ միայն նախաքննության կազմակերպմանն ու վերահսկմանը, այլև թերությունների ու հնարավոր պաշտոնեական չարաշահումների կանխարգելմանը: Այդ պատճառով քննչական աշխատանքի կազմակերպման գործընթացում 2018 թվականից արդեն շեշտը պետք է  դնենք սխալների ու թերությունների վաղ կանխատեսման ու կանխարգելման մեխանիզմների կատարելագործման վրա: Միաժամանակ պետք է հրաժարվենք նախաքննության նկատմամբ վերահսկողության արդեն հնացած ձևերի կիրառումից` փորձելով ավելի շատ հիմնվել մարդկանց անհատական, պրոֆեսիոնալ հատկանիշների, նրանց նյութական ու բարոյական խրախուսանքների վրա:

Առանձնահատուկ ընդգծելով 2017 թվականին արձանագրված քննության արդյունավետության տեսանելի դրական տեղաշարժի մասին, այդուհանդերձ, ցանկանում  եմ  հորդորել  մեր   քննիչներին, որպեսզի  ընթացիկ  տարում  աշխատեն շատ ավելի բարեխիղճ: Պետք է ջանք չխնայեն և անեն առավելագույնը` Հատուկ քննչական ծառայությունում  քրեական գործերի քննության արդյունավետությունը է՛լ ավելի բարձրացնելու համար:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ հաճախ հետագա նախաքննությունը շարունակելու համար քննչական այլ մարմիններից  Հատուկ քննչական ծառայություն են ուղարկվում տևական ժամանակ քննված և դատարան ուղարկելու տեսակետից, որպես կանոն, անհեռանկար քրեական գործեր: Ավելին, Հատուկ քննչական ծառայության սուբյեկտի մասնակցության վերաբերյալ 1-2 փաստական  տվյալի  նշմարումը  երբեմն բավարար   է  համարվում, որպեսզի  առաջ  քաշված վարկածները ստուգելու, հանցագործությունը լիարժեք բացահայտելուն ուղղված առաջնահերթ գործողություններ իրականացնելու փոխարեն առաջնայնությունը տրվի ոչ թե քննչական հիմնական գործառույթին` հանցագործության բացահայտմանը, այլ քրեական գործը Հատուկ քննչական ծառայություն  ուղարկելով ժամ առաջ գործի քննությունից ազատվելուն:

Մոտեցումը  նույնն   է  նաև   այլ  մարմիններից  Հատուկ  քննչական ծառայություն ստացված նյութերի պարագայում: Սա  առավելապես  վերաբերում է այն նյութերին, որոնք  Հատուկ    քննչական ծառայություն  են   ուղարկվում  հաճախ  ընդամենը  դեպքի  վայրի զննությունից անմիջապես հետո, առանց նույնիսկ դատաբժշկական փորձաքննությունների կամ այլ պարտադիր անհետաձգելի դատավարական գործողությունների իրականացման, որոնք, անկախ Հատուկ քննչական ծառայության սուբյեկտ   լինելուց, ենթակա են անհապաղ կատարման և որոնցով գործի համար խիստ կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները կարող են պարզվել միայն րոպե առաջ   դրանք կատարելու պայմաններում:

Այս  առումով  բացառություն չեն նաև այլ մարմինների քննիչներից վերցված և  առանձին հանձնարարությամբ Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնված քրեական գործերը, որոնցով մեր քննիչները մեծ ջանքեր են գործադրում ապահովելու լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության կատարումը: Եվ սա անտեղի չէ, քանզի բոլոր այս դեպքերում  քննության որակական առաջընթացն ապահովելու և քրեական գործի ընթացքի ճշգրիտ լուծման ողջ պատասխանատվությունը  կրում    է   մեր  Ծառայության   քննիչը: 

Սրանք ընդամենը մասն են, առաջին հայացքից, ոչ բոլորի համար տեսանելի   այն գործոնների, որոնք չեն կարող օբյեկտիվորեն չանդրադառնալ մեր քննիչների ծանրաբեռնվածության և նրանց աշխատանքի արդյունավետության  վրա:

 

Հարգելի՛ գործընկերներ,

Անդրադարձ կատարելով 2018 թվականի մեր խնդիրներին` կուզենայի առանձնահատուկ խոսել քննության որակի մասին: Այս առումով չեմ կարող չանդրադառնալ դրան մեծապես նպաստող` առանձին հանցատեսակների քննության մեջ մասնագիտացված քննիչների կայացման իրողությանը: Բացառությամբ ՀՀ զինված ուժերում արձանագրված դեպքերի` մեր Ծառայությունն այսօր հանրապետությունում միակ նախաքննական մարմինն է, որը զբաղվում է խոշտանգումների դեպքերի մասնագիտացված քննությամբ:

2017 թվականի ընթացքում Ծառայությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, ծագած խնդիրներին օրենսդրական և համակարգային լուծումներ տալու ուղղությամբ, քանի որ խոշտանգման դեպքերի բացահայտումը մեր գործունեության առանցքային բաղադրիչներից է: Պարզապես հիշյալ հանցատեսակի քննության դժվարություններից մեկն այն է, որ խոշտանգումները շատ հաճախ կրում են թաքնված, լատենտային բնույթ, որպիսի հանգամանքը պարտավորեցնում է մեզ մշակել և կիրառել դրանք ի հայտ բերելու քրեաբանական ու քրեագիտական նոր և արդյունավետ մեթոդներ, ինչը լինելու է 2018 թվականի մեր առաջնային խնդիրներից մեկը: Այդ աշխատանքներն ընդգրկելու են նաև միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունն ու դրա գործնական կիրառումը:

Շարունակելով 2018թ.-ին մեր առջև դրված խնդիրների քննարկումը` ուզում եմ առանձին անդրադարձ կատարել նախորդ տարի սուտ մատնության դեպքերի վերաբերյալ Ծառայությունում քննված քրեական գործերին, որոնց աննախադեպ աճի միտումը Հատուկ քննչական ծառայությունում պահպանվում է 2013 թվականից առ այսօր: Համեմատության համար նշեմ, որ եթե 2013-ին քննվել է այս բնույթի հանցագործությունների 7, ապա նախորդ տարի սուտ մատնության քրեական գործերի քանակը 10 անգամ աճել է` հասնելով 70-ի:

Վերլուծելով վերջին հինգ տարիներին երկրաչափական պրոգրեսիայով աճող` սուտ մատնության դեպքերի փաստով հարուցված քրեական գործերի  աննախադեպ աճի պատճառները` եկել ենք այն եզրահանգման, որ այս հանցատեսակի աճը պայմանավորված է մի շարք գործոններով:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս հանցատեսակի աճի պատճառներից մեկը մեղադրյալների կողմից վրեժի դրսևորումներով պայմանավորված վարքագիծն է, որի հիմքը վարույթն իրականացնող անձանց հետ վարույթի ընթացքում ձևավորված ոչ բարյացակամ փոխհարաբերություններն են:

Վերլուծությունից պարզվել է նաև, որ սուտ մատնության դեպքերի պատճառների շարքում բավականին մեծ տեսակարար կշիռ ունի դատաքննության ընթացքում սուտ մատնություն կատարելու գնով մինչդատական վարույթում տված ցուցմունքներից հրաժարվելը, ինչը պաշտպանական կողմի անօրինական, բայց հաճախ կիրառվող տակտիկական քայլերից մեկն է:

Խիստ կարևորելով սուտ մատնության դեմ անհաշտ պայքար տանելու անհրաժեշտությունը` կարծում եմ, որ 2018 թվականին Ծառայության քննիչները պետք է առավել ակտիվացնեն իրենց ջանքերը այս հանցատեսակի փաստով հարուցված քրեական գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, քանզի սուտ մատնությունը հարկադրում է քննիչին ոչ միայն ուժեր ու միջոցներ վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար, այլև կորցնելով թանկարժեք ժամանակը` քննությունը տանում է սխալ ճանապարհով: Այս հանցատեսակի մյուս՝ ամենաարգահատելի կողմն այն է, որ թե՛դատավարության մասնակիցների, և թե՛ հանրության մոտ կասկած ու անվստահություն է սերմանում ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի սկզբունքայնության ու անաչառության նկատմամբ, այլև վնասում է իրավապահ մարմնի բարեխիղճ աշխատակիցների  պատիվն ու արժանապատվությունը:

 

Հարգելի՛ գործընկերներ,

2017 թվականի ընթացքում Ծառայությունում ակտիվ աշխատանքներ են տարվել գործող քրեական և քրեադատավարական, կարևոր մյուս օրենսդրական ակտերի բարեփոխման, ինչպես նաև Ծառայության աշխատանքներում միջազգային դրական փորձի ներդրման նպատակով արտասահմանյան տարբեր երկրներում մեր գործառույթներն իրականացնող կառույցների հայտնաբերման և նրանց հետ համագործակցության ստեղծման ուղղությամբ:

Մասնավորապես, նախորդ տարվա վերջին ամիսներին մեր կառույց այցելած տարբեր պետությունների դեսպանների, այդ թվում` իրավական համագործակցության տեսանկյունից առավել կարևոր երկրների իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ քննարկվել են միջազգային հանրությանն առավելապես մտահոգող կոռուպցիոն բնույթի և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների առանձնահատկությունները: Համագործակցային կապեր ձևավորելու արդեն ավանդական դարձած այս մոտեցումը մեր Ծառայության ծառայողներին հնարավորություն է ընձեռել ընդգրկվել Հայաստանն արտաքին աշխարհին ներկայացնող ամենատարբեր հեղինակավոր ծրագրերի կազմում:

Իհարկե, չեմ կարող չնշել նաև, որ 2017 թվականին մեր կատարած աշխատանքն առավել ընդգրկուն ու արդյունավետ է դարձել պետական այլ կառույցների` ոստիկանության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության հետ սերտ համագործակցության շնորհիվ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իրավապահ մարմիններին այդ համագործակցությունը թույլ է տալիս առավել արդյունավետ օգտագործել միմյանց հնարավորությունները` հանցագործությունների դեմ միասնական պայքար մղելու և կոռուպցիոն երևույթների վերացման գործում:

 

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ համառոտ անդրադառնալ նաև քննչական աշխատանքի կազմակերպման մի շարք հարցերի, որոնց մի մասի ուղղությամբ, ճիշտ է, 2017-ին զգալի դրական արդյունքներ ենք արձանագրել, սակայն 2018 թվականին այս ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա անելու: Խոսքը վերաբերում է կոնկրետ քրեական գործերով քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու, առանձին քննչական գործողություններ առավել օպերատիվ ու որակով իրականացնելու, հանցանքի կատարման պատճառների ու նպաստող պայմանների վերացման նպատակով շահագրգիռ մարմիններին սեղմ ժամկետներում միջնորդագրեր ներկայացնելու հարցերին: Օբյեկտիվ լինելու համար պետք է նշեմ, որ դեռ վերջնականապես արմատախիլ արված չեն նաև նախաքննության ժամկետների չպատճառաբանված ձգձգման դեպքերը, որոնց վրա առավել հանգամանալից կանգ առավ պարոն Բաբայանը, թեպետ այդ ուղղությամբ նախորդ տարի մենք նկատելի դրական տեղաշարժ արդեն արձանագրել ենք:

Ինչ վերաբերում է Ծառայությունում քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնողների կողմից քննիչներին տրված գրավոր ցուցումների  քանակին, ապա նախորդ տարի 2016 թվականի համեմատ այդ մասով նույնպես նկատելի աճ ենք արձանագրել: Աճի նույն տեմպերն ակնկալում եմ նաև 2018 թվականի ընթացքում, քանզի միշտ էլ գերադասելի են Ծառայության առավել փորձառու և բանիմաց ղեկավարների կողմից տրվող քննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովող ցուցումները` առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ:

 

Հարգելի՛ գործընկերներ,

Տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ խիստ համառոտ ներկայացված ամփոփ նկարագիրը,  կարծում եմ, վկայում  է  այն  մասին, որ Հատուկ քննչական ծառայության բոլոր  ստորաբաժանումները 2017 թվականի ընթացքում աշխատել  են ամբողջ ներուժով, սակայն ակնհայտ է նաև, որ Ծառայության աշխատանքներում դեռևս նշմարվում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթի որոշակի թերություններ ու չլուծված խնդիրներ, որոնց լուծմանն ու վերացմանը 2018 թվականին պետք է նպատակաուղղենք կառույցի բոլոր աշխատակիցների  ջանքերը:

Համոզված եմ, որ 2018 թվականին մենք միասին անելու ենք հնարավոր ամեն ինչ` Ծառայության առջև դրված խնդիրները լուծելու, առկա բացթողումները վերացնելու և այս տարվա նախանշած ծրագրերը հաջողությամբ իրագործելու համար: