Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
2017-11-28

Այսօր տեղի է ունեցել ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը վարել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:

ՀՀ նախագահը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել է  Ծառայության կազմավորման 10-րդ տարեդարձի կապակցությամբ` նշելով, որ անցած տարիների ընթացքում Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է ոչ միայն իր ուրույն առաքելությանը համարժեք տեղ զբաղեցնել պետական մարմինների համակարգում, այլև սեփական լուման ներդնել իրավապահ գործունեությանը նոր շունչ հաղորդելու գործում. «Վստահ եմ՝ գիտակցում եք, որ ապահով և մրցունակ պետություն դառնալու համար կա միայն մեկ ճանապարհ. այն է՝ անընդհատ զարգացնել ժողովրդավարական մեր ձեռքբերումները: Ավելի քան չորս տարի առաջ իմ հրամանագրով մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այդ սկզբունքը կայացած ժողովրդավարություն ունենալու գլխավոր գրավականներից է: Այդ սկզբունքի ներքո իրացվելու է օրենքի առջև ընդհանուր հավասարության գաղափարը:
Սա պետք է հստակ գիտակցեն բոլորը և, հատկապես, բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք միշտ պետք է գործեն այն համոզումով, որ կարգավիճակը, պաշտոնը կամ կոչումը ոչ թե առավելություն են, այլ առաջին հերթին՝ պատասխանատվություն:
Այստեղ է, որ խիստ կարևորվում է Հատուկ քննչական ծառայության դերը: Եթե ավելի պատկերավոր ասեմ, ապա սահմանադրական այս պահանջը կյանքի կոչելու գործում դուք նաև հատուկ առաքելություն ունեք: Որքան մեծ լինեն ձեր հաջողությունները օրենքի առջև բոլորի հավասարությունը երաշխավորելու գործում, այնքան տեսանելի և զգալի կլինի երկրում արդարադատության հաղթանակը»,- ասել է ՀՀ նախագահը:

Նախագահի խոսքով` Հատուկ քննչական ծառայությանն է վերապահվել պետության և հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող մի խումբ գործերի քննությունը. «Դա սկզբունքայնության և ազնվության մեծ ռեսուրս պահանջող առաքելություն է: Սա խոսում է ինչպես ծառայության նկատմամբ առկա բարձր վստահության, այնպես էլ ձեզնից եղած մեծ ակնկալիքների մասին»:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին`  նախագահ Ս. Սարգսյանը փաստել է, որ այն պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային և ժամանակին համահունչ դրսևորումներ` այդ կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունից ակնկալելով պատշաճ ջանասիրության ցուցաբերում:

Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, ամփոփելով անցած տասը տարիների ընթացքում կառույցի կայացման և զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նշանակալի ձեռքբերումները, անդրադարձել է հատկապես վերջին ժամանակահատվածում Ծառայությունում կատարված կադրային ու կառուցվածքային լայնամասշտաբ փոփոխություններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներին: Վ. Շահինյանն ամենակարևոր ձեռքբերումների շարքում առանձնացրել է դեռևս 2013թ.-ի մայիսից Ծառայությունում ներդրված և հետագա տարիներին հետևողականորեն իրականացվող` Հատուկ քննչական ծառայության հակակոռուպցիոն ռազմավարությունը, որը հանգեցրել է Ծառայության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը. «Ծառայության նկատմամբ վստահության այս դրսևորումը, իրոք, ոգևորիչ է, բայց և խիստ պարտավորեցնող: Հակակոռուպցիոն ռազմավարության ներդնումը հանգեցրել է նաև Ծառայության` որպես պետական կառույցի ունեցած դերակատարության աճին: Այս մասին է վկայում առավել բարդ և աշխատանքի առանձնահատուկ որակ պահանջող, հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերի նախաքննությունը հատկապես մե՛զ հանձնարարելու փաստերը: Այս առումով հատկանշական է, որ ոչ միայն վերջին տարիներին, այլև այսօր էլ Ծառայության քննիչների վարույթում քննվում են ապացուցման տեսակետից բարդ, բազմադրվագ և ուշագրավ այնպիսի քրեական գործեր, որոնցով մեկ վարույթում կատարված նախաքննության ծավալներն առավել ընդգրկուն են եղել, քան կարող էին լինել տասնյակ քրեական գործերի ծավալները»,- ասել է Վ. Շահինյանը` ընդգծելով, որ այսօր էլ Հատուկ քննչական ծառայության գերխնդիրը շարունակում է մնալ երկրում լայնամասշտաբ իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարը, որի մասով Ծառայության վիճակագրական ցուցանիշները տարեցտարի բարելավվում են:

 Հանդիսավոր նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված լայնածավալ աշխատանքներին: Վ. Շահինյանը նշել է, որ վերջին տարիներին Ծառայության ղեկավարության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի այն դառնա երկրի ամենապրոֆեսիոնալ, սկզբունքային ու անկաշառ քննչական մարմինը, որն ի զորու է կատարել ամենաբարդ, բազմադրվագ, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը. «Այս առումով պատահական չէ, որ տարեցտարի աճում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երկրի գլխավոր դատախազների կողմից Հատուկ քննչական ծառայության վարույթին հանձնված քրեական գործերի քանակը /2015թ.-ին` 81 քր. գործ, 2016թ.-ին` 83 քր. գործ, 2017թ.-ի 10 ամսվա ընթացքում` 89 քր. գործ/: Այդ գործերից շատերը ապացուցման տեսակետից առանձնակի բարդություն ներկայացնող կամ քննությունը տևական ժամանակով ձգձգված, դատարան ուղարկելու տեսակետից, որպես կանոն, անհեռանկար կամ «փակուղում» հայտնված քրեական գործեր են: Բոլոր այս դեպքերում քննության որակական առաջընթացն ապահովելու և քրեական գործի ընթացքի ճշգրիտ լուծման ողջ պատասխանատվությունը    կրում   է   մեր   ծառայության   քննիչը:  Ընդ որում, միայն նախորդ տարվա ընթացքում նման բնույթի ավարտված քրեական գործերի 40 տոկոսը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչն աննախադեպ ցուցանիշ է»,- ասել է Ծառայության պետը:

Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը իր և Ծառայության ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին` Ծառայությանը հուզող բոլոր հարցերի  նկատմամբ ցուցաբերած  առանձնակի ուշադրության, ջերմ վերաբերմունքի ու աջակցության համար, որը նպաստել է կառույցի առջև դրված հիմնարար խնդիրների արդյունավետ  լուծմանը:

Ծառայության կազմավորման 10-րդ տարեդարձի առիթով ՀՀ նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արտակ Թադևոսյանին պարգևատրել է «Մխիթար Գոշի» մեդալով: Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, ինչպես նաև Ծառայության 10-ամյակի կապակցությամբ Հատուկ քննչական Ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պարգևներով` մեդալներով, արժեքավոր նվերներով, արտահերթ  կոչումներով և շնորհակալագրերով: