Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին
2017-10-03

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը 2017թ.-ի հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Վահրամ Շահինյանը դեսպանին ներկայացրել է մեր երկրում գործող անկախ մասնագիտացված նախաքննական մարմնի` ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեությունն ու քննչական աշխատանքի առանձնահատկությունները: Ծառայության պետը, անդրադառնալով հայ-իրանական գործընկերային կապերի ակտիվացմանը, կարևորել է երկու երկրների` նմանատիպ գործառույթներ ունեցող իրավապահ կառույցների միջև համագործակցության ձևավորման անհրաժեշտությունը: Վ. Շահինյանը նշել է, որ աշխատակիցների վերապատրաստման և քննչական մեթոդիկայի կատարելագործման համար համագործակցության արդյունավետ սկիզբ կարող են լինել փորձի փոխանակումն ու համատեղ սեմինարների կազմակերպումը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը, ողջունելով Իրանի համապատասխան կառույցների հետ համագործակցության ուղիներ փնտրելու ՀՀ հատուկ քննչական ծառայության նախաձեռնությունը, ներկայացրել է Իրանի քննչական և վարչական արդարադատության մարմինների, երկրում պետական պաշտոններ զբաղեցնող հոգևորականների կողմից կատարված հանցագործությունների քննությամբ զբաղվող,  ինչպես նաև այն իրավապահ մասնագիտացված կառույցների գործունեությունը, որոնց հետ կարելի է արդյունավետ համագործակցության եզրեր գտնել: Դեսպանը, մասնավորապես, առանձնացրել է Իրանի գերագույն դատական մարմինը, որը զբաղվում է երկրի գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունների քննությամբ և դատաքննությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը` Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան կառույցի միջև արդյունավետ համագործակցություն ձևավորելու գործում: