Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
Պաշտոնեական դիրքի չարաշահման փորձի և դրդչության համար մեղադրանք է առաջադրվել երկու պաշտոնատար անձի
2017-03-13

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Արման Մովսիսյանը ՀՀ ՊՆ աշխատակից Հայկ Խաչատրյանի դրդմամբ և օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, փորձել է ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնել դեպքի վայրի զննության մասին կազմված պաշտոնական փաստաթղթում:

Այսպես, ՃՈ հետաքննիչ Ա. Մովսիսյանը, 14.12.2015թ.-ին վթարի վերաբերյալ ստացված ահազանգով ժամանել է դեպքի վայր` Վայք քաղաքի Շահումյան փողոց և տեղեկացել, որ իր ծանոթ, վարորդական իրավունքի վկայական չունեցող Գևորգ Խաչատրյանը «ՎԱԶ 21-213» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոններն ու ընդհարվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը վթարի հետևանքով կրել է 622.200 ՀՀ դրամի գույքային վնաս: Սակայն ապահովագրական ընկերության կողմից հիշյալ գումարը Գ. Խաչատրյանից ետ չբռնագանձելու համար, ընդառաջ գնալով վերջինիս եղբայր` ՀՀ ՊՆ աշխատակից Հայկ Խաչատրյանի խնդրանքին, Ճանապարհային ոստիկանության հիշյալ հետաքննիչը դեպքի վայրի զննության վերաբերյալ կազմած արձանագրությունում փոխել է իրական վարորդին և վերջինիս փոխարեն նշել վարորդական իրավունք ունեցող նրա եղբորը` Հայկ Խաչատրյանին, ով ապահովագրական ընկերության հետ պայմանագիր է ունեցել:

 Սակայն նույն օրը Ա. Մովսիսյանը վթարի վայրում եղած ՃՈ մեկ այլ հետաքննիչից` Ռոման Սումբատյանից տեղեկանալով, որ վերջինս վթարի վերաբերյալ բաժնի պետին ներկայացրած զեկուցագրում նշել է «ՎԱԶ 21-213» մակնիշի ավտոմեքենայի իրական վարորդի տվյալները և կանխատեսելով իր կատարած ապօրինի գործողությունների բացահայտման վտանգը, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, այն է` կազմել է դեպքի վայրի զննության նոր սխեմա, որում որպես վարորդ նշել է Գևորգ Խաչատրյանին` այս անգամ էլ կեղծելով ընթերակաների ստորագրությունները:

Այսպիսով, ՃՈ տեսուչ Ա. Մովսիսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-308-րդ հոդվածի 1-ին մասով պաշտոնեական դիրքի չարաշահման փորձի, իսկ ՊՆ աշխատակից Հ. Խաչատրյանին` 38-34-308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փորձին դրդելու և օժանդակելու համար: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: