Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@investigatory.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
Հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ հատուկ քննչական ծառայության 9-րդ տարեդարձին
2015-11-28

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ հատուկ քննչական ծառայության հիմնադրման 9-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որը նախագահում էր Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:

Հատուկ քննչական ծառայության պետը տոնական օրը շնորհավորեց Ծառայության բոլոր աշխատակիցներին և մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ առաջադրված բարդ, ինչպես նաև պատասխանատու խնդիրների իրականացման գործում:

Վահրամ Շահինյանը իր ելույթում շեշտեց, որ մասնագիտական տոնը նշելու ամեն մի առիթ դրա հասցեատիրոջն ուղղված լրացուցիչ հնարավորություն է վերաիմաստավորելու իր գործառույթային առաքելությունը, ի մի բերելու ծանր ու դժվար աշխատանքի ընթացքում արձանագրված թերություններն ու արդյունավետորեն շտկել դրանք:

- Անհամեստություն չեմ համարի, եթե նշեմ, որ վերջին տարիների ընթացքում անհամեմատ աճել  է  ՀՀ հատուկ քննչական  ծառայության  հեղինակությունը  ոչ  միայն երկրի իրավապահ մարմինների ու պետական մյուս կառույցների, այլև հասարակության ու անհատ քաղաքացիների շրջանում: Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Ծառայության նկատմամբ հանրային վստահության աճը ուղիղ կապված է շուրջ երեքուկես տարի ներդրված հակակոռուպցիոն ռազմավարության հետ: Այս մասին ես մեկ անգամ արդեն ասել եմ և բազմիցս ու բարձրաձայն կրկնելու եմ, որ այսօր երկրի պետական քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ  պայքարն այդքան արդյունավետ է եղել իրենց համակարգերում, որքան Հատուկ քննչական ծառայությունում: Մենք մեր հավատով, վարքագծով ու կենսակերպով ապացուցել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների աշխատավարձով հնարավոր է ապրել ու արարել` չմտնելով անօրինական որևէ գործարքի մեջ,- իր ելույթում նշեց Վահրամ Շահինյանը և շարունակեց,- ՀՀ հատուկ քննչական ծառայության հեղինակության աճի մյուս ապացույցը մեր   քաղաքացիների տարեցտարի  աճող հազարավոր դիմում-բողոքներն են, որոնցում մարդիկ խնդրում են նույն գործառույթներն իրականացնող այս կամ այն մարմնի վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների միջոցով իրականացնել իրենց կամ իրենց հարազատների վերաբերյալ քննվող քրեական գործերը: Այդ դիմումներում բազմաթիվ են մեր ծառայության գործառույթներից չբխող կենցաղային բնույթի ամենատարբեր հարցերից մինչև պետական այս կամ այն կառույցի կողմից իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ բողոքները:

Հատուկ քննչական ծառայության պետը ընդգծեց, որ Ծառայության՝ որպես պետական կառույցի դերակատարության կարևորության վկայությունն է նաև կարծիքի ու առաջարկությունների համար իրավական ամենատարբեր փաստաթղթերի նախագծերը Ծառայությանն ուղարկելու. առավել բարդ, բազմադրվագ, և ինչո՞ւ չէ աշխատանքի առանձնահատուկ որակ պահանջող հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերի նախաքննությունը հատկապես մեզ հանձնարարելու փաստերը:

- Ուրախությամբ պետք է նշեմ, որ Ծառայության հետ սերտորեն համագործակցում են միջազգային ամենատարբեր կազմակերպություններ, որ շուրջ մեկ տասնյակից ավելի երկրների դեսպաններ ու մեծ ճանաչում ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերջին մեկ տարում, այցելել են մեր կառույց և ցանկություն հայտնել համագործակցության կամուրջ ստեղծել իրենց պետությունների համանման գերատեսչությունների հետ: Անշուշտ, մեր կառույցի առավել կարևորումը չէ՞, որ  հնարավորություն  է  տալիս մեր մասնագետներին ընդգրկվել թե՛ ներպետական և թե՛ մեր պետությունը արտաքին աշխարհին ներկայացնող ամենատարբեր հեղինակավոր հանձնաժողովների կազմում,- փաստեց Վ. Շահինյանը:

Հանդիսավոր նիստի ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը նշեց, որ ճանաչվածությունը իր հետ բերում է նաև մեծ պատասխանատվություն: Ժամանակը խիստ պահանջներ է ներկայացնում  հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին: «Մենք մեր պրոֆեսիոնալիզմով ու բարոյական հատկանիշներով միշտ պետք է  տարբերվենք մյուսներից, ավելին,  պետք է միշտ պատրաստ լինենք համընթաց գնալ ժամանակի հետ: Կարծում եմ՝ հանցավորության դեմ արդյունավետ պայքարի գործում խիստ կարևորվում է մասնագիտական պատշաճ գիտելիքներով օժտված ժամանակակից քննիչի դերը: Այսօր  մեր պետությունն ու հասարակությունը ցանկանում են ստանալ առավել որակյալ քննչական ծառայություն, ընդունակ՝ հարգելու օրենքը, մարդու իրավունքների հանրաճանաչ նորմերը: Տոնական  այս օրը ընդունված է խոսել հատկապես ձեռքբերումներից և այս առումով պետք է նշեմ, որ շատ բան արդե՛ն արվել է, սակայն մեզ դեռ տևական ու քրտնաջան աշխատանք է սպասվում քննչական աշխատանքի կազմակերպման ուղիները, ձևերն ու մեթոդները կատարելագործելու, ժամանակի պահանջներին համահունչ քննչական աշխատանքն առավել արդիական ու դինամիկ դարձնելու համար:

Իրատեսորեն արժևորելով Ծառայության ձեռքբերումները՝ հիշարժան օրվա առիթով ուզում եմ, հատկապես շնորհակալություն հայտնել մեր երկրի ղեկավարին՝ Հանրապետության Նախագահին, Ծառայությանն ու աշխատակիցներին հուզող  բոլոր  հարցերի  նկատմամբ ցուցաբերած  ուշադրության ու ջերմ վերաբերմունքի, այն աջակցության համար, որ նպաստել է մեր առջև դրված հիմնարար խնդիրների արդյունավետ  լուծմանն ու կենսագործմանը,- ընդգծեց Վ. Շահինյանն ու կարևորելով գործընկեր ուժային կառույցների հետ տարվող ակտիվ համագործակցությունը՝ նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրապետության դատախազության, քննչական կոմիտեի, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերներին, քանզի մեր շատ ձեռքբերումները չէին լինի, եթե չլիներ նրանց հետ փոխադարձ ու արդյունավետ համագործակցությունը»:

Ելույթով հանդես եկան ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներ Մուշեղ Բաբայանը և Վլադիմիր Հովհաննիսյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության մի շարք քննիչներ, Ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը, այլ պաշտոնատար անձինք:

Ելույթով հանդես եկած ՀՀ Նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը նշեց. «Քիչ կառույցներ կան, որ իրենց անվանման մեջ կրում են «հատուկ» եզրույթը, որը որքան առանձնացնող է, այնքան էլ՝ պարտավորեցնող: Ցանկանում եմ, որ «հատուկ» եզրույթի կիրառումը վերաբերի ոչ միայն ձեր կառույցի անվանմանը, այլև հաջողություններին, ձեռքբերումներին, նվաճումներին»,- եզրափակեց Հրայր Ղուկասյանը, որից վերջինս ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերը, որոնց համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանին շնորհվեց արդարադատության գեներալ-մայորի կոչում, իսկ Ծառայության  խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ, արդարադատության մայոր Գարեգին Բեգոյանը պարգևատրվեց «Մխիթար Գոշ» մեդալով: 

Հանդիսավոր նիստի ավարտին Հատուկ քննչական ծառայության հիմնադրման 9-րդ ամյակի առթիվ՝ Հատուկ քննչական ծառայության պետի, ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների նախարարի հրամաններով խրախուսվեցին Ծառայության մի շարք աշխատակիցներ: